Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ․ Արցախի ՄԻՊ

ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ․ Արցախի ՄԻՊ
Միջազգային
16:18, 13 декабрь 2022
«Ուզում եմ ևս մեկ անգամ և՛ միջազգային դերակատարներին, և՛ միջազգային իրավապաշտպան և միջկառավարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել շատ կարևոր հանգամանքի վրա, որ փաստացի այս պահի դրությամբ Արցախում 120 000 մարդ գտնվում է շրջափակման մեջ»,- այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման խնդրի մասին՝ ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ այստեղ պետք է հատուկ ընդգծել այն հանգամանքը, որ Արցախը օդային հաղորդակցություն չունի աշխարհի որևէ կետի հետ։ «Մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքը հստակ ամրագրում է, որ որևէ վայրկյան չպետք է խաթարվի կենսաապահովման համար անհրաժեշտ պայմանները, իսկ մենք տեսնում ենք, որ արդեն 24 ժամ շարունակ խաթարված է Արցախում ապրող մարդու ամենատարրական իրավունքը և դա արվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և անձամբ Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ և նրա հրահանգներով։ Որովհետև այն թեզերը, որոնք շրջանառվում են իբր բնապահպանական հարցեր և այլն, դրանք ամբողջությամբ կեղծ են և կա տեղեկատվություն, որ ճանապարհը փակողները հիմնականում Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղղորդվողներ են, այդ թվում՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։

Այնուհետև նա նշեց, որ Եվրոպական միությունը արժեքների ու մարդու իրավունքների վրա հիմնված կառույց է և աշխարհում տարածում է մարդու իրավունքների պաշտպանություն, բայց, ցավալիորեն, մինչև այս պահը որևէ առարկայական, շոշափելի արձագանքի չի արժանացրել Ադրբեջանի հանցավոր գործողությունը։

«Իհարկե աշխարհաքաղաքական շահերը կամ տնտեսական շահերը, կարծես թե, վերջին ժամանակահատվածում միշտ էլ ստվերի տակ են թողնում մարդու իրավունքների օրակարգը և առհասարակ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունը, բայց դա չպետք է այդպես լինի կոնկրետ Եվրոպական միության պարագայում, որովհետև մի կառույց, որն աշխարհի բոլոր կետերում տարածում է մարդու իրավունքների օրակարգ, առաջին հերթին ինքն իրենից պետք է սկսի և հստակ կանգնի այդ իրավունքների պաշտպանության դիրքերում։

Ես կարծում եմ, որ Եվրոպական միությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ այս պահի դրությամբ Արցախում 120․000 մարդու իրավունքները ամենախիստ ու կոպիտ կերպով ոտնահարելու համար»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։