Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայի «ՄԳԻՄՈ» պետհամալսարանի պրոֆեսորին հեռացրել են՝ Բաքվի սադրանքը Լաչինում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների դեմ, կոշտ քննադատելու և «ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները վնասելու համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի կայքից տեղեկանում ենք, որ երեկ պրոֆեսոր Միխայիլ Ալեքսանդրովը հեռացվել է համալսարանից (ՄԳԻՄՈ)։  Ըստ «ՄԳԻՄՈ»-ի պաշտոնական հաղորդագրության՝ պրոֆեսորը հեռացվել է «ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները վնասելու համար»։

«Ալեքսանդրովի հայտարարությունների անհիմն ագրեսիվությունն ու աղաղակող ոչ պրոֆեսիոնալիզմն առաջացրել են արտաքին քաղաքական հանրության ծայրահեղ կոշտ բացասական արձագանքը և ՄԳԻՄՈ-ի թիմի վրդովմունքը։ Համալսարանի իմիջն ու շահերը լրջորեն տուժել են։

Ելնելով Ալեքսանդրովի գործողությունների անհամատեղելիությունից MGIMO-ի աշխատակցի կարգավիճակին, ինչպես նաև՝ Ալեքսանդրովի կողմից ծառայողական պարտականությունների կատարման ծայրահեղ անտեսման փաստերից՝ ռեկտորը հրաման է ստորագրել աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու և Մ.Ալեքսանդրովին համալսարանից ազատելու մասին»,-ասված է համալսարանի հաղորդագության մեջ։

Նշենք, որ Միխայիլ Ալեքսանդրովն օրեր առաջ հարցազրույց էր տվել՝ անդրադառնալով Լաչինի միջանցքը փակելու ադրբեջանցիների գործողություններին, որում  պրոֆեսորը մասնավորապես ասել էր․ «Հիմա Ալիևը փորձում է օգտագործել իրավիճակը, որպեսզի իր համար պոկի որքան հնարավոր է «մեծ կտոր», մասնավորապես՝ փոխի Լաչինի միջանցքի կարգավիճակը՝ վերածելով այն Ադրբեջանի կողմից վերահսկվող միջանցքի։ Դա դեռ նրա մոտ չի ստացվում, բայց բանը կարող է հասնել բախման։ Եթե նրանք հարձակվեն մեր խաղաղապահների վրա, ստիպված կլինենք ինչ-որ բան անել։ Սկզբունքորեն, Ռուսաստանն ունի հնարավորություն՝ նույնիսկ առանց պատերազմ սկսելու, օրինակ՝  հարված հասցնել Բաքվին, ռմբակոծել Բաքվի նավթարդյունաբերությունն ամբողջությամբ, հրթիռային հարվածներով վերացնել ադրբեջանական էներգահամակարգը։ Ի դեպ, Արևմուտքը ևս դրանից էապես կտուժի։ Եթե մենք հիմա ռմբակոծենք նավթարդյունաբերությանը, ապա դեպի Արևմուտք նավթ չի հոսի և միանգամից նավթի գները կբարձրանան։ Ադրբեջանը քողարկվում է նրանով, որ մեզ հետ ռազմավարական համագործակցության հռչակագիր է ստորագրել, բայց ինքն էլ սադրում է մեր խաղաղպահներին։ Պետք է հասկացնել տալ նրան, որ մենք գուցե Ղարաբաղում չպատերազմենք, բայց կռմբակոծենք ամբողջ էներգահամակարգը, նավթային համակարգը և Ադրբեջանը կմնա առանց նավթի ու առանց էլեկտրաէներգիայի։ Այսպիսի պայմաններում որքա՞ն երկար կպատերազմի Հայաստանի հետ, չգիտեմ»։

Այնուհետև պրոֆեսորը նաև հավելել էր, որ Բաքվեցի սադրիչների կողմից ամեն ինչ շատ լավ հաշվարկված էր․ «Այո՛, խաղաղապահները չեն կարող այդպիսի իրավիճակում կրակել, նրանք կարող են զենք կիրառել իրենց վրա ուղիղ հարձակման դեպքում»։    

Ստացվում է՝ Միխայիլ Ալեքսանդրովին հարցազրուցի համար պետական համալսարանից հեռացնում են Բաքվի սադրանքը Լաչինում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների դեմ, քննադատելու համար, իսկ ռուս մի շարք գործիչների, որոնք աշխատում են տարբեր պետական կառույցներում և տարբեր հաղորդումների ժամանակ Հայաստանի ու ՀՀ կառավարության հասցեին տարբեր վիրավորական արտահայտություններ են անում, ոչինչ չի սպառնում։ Եվ սա չնայած նրան, որ Հայաստանը Ռուսաստանի շատ ավելի հին ռազմավարական դաշնակիցն է, քան Ադրբեջանը։ Իսկ Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ՝ հենց ՌԴ խաղաղապահների պարտավորությունն է՝ ապահովել Լաչինի միջանցքի անխափան և անվտանգ շահագործումը։ 

Հիշեցնենք նաև, որ որոշ ժամանակ առաջ ՌԴ ԱԳՆ-ն մեր ԱԳՆ-ից պարզաբանում էր խնդրել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների և ԶԼՄ-ների՝ Ռուսաստանի քիմքին ոչ հաճո արտահայտությունների համար, մինչդեռ սեփական երկրի քաղաքական գործիչների և Կրմելի վերահսկողությամբ գործող լրատվամիջոցների ու «փիառշիկների» սադրիչ, վիրավորական, մեր ազգային ինքությունը վիրավորող ու ՀՀ իշխանություններին վարկաբեկող հայտարարությունների համար որևէ պատժված անձի մասին չլսեցինք։

Լիլիթ Թադևոսյան