Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը խոստովանեց, որ «Լաչինի մարդասիրական ճանապարհը» փակել են ադրբեջանցիները, ու նշեց երեք հիմնական պատճառները

ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը խոստովանեց, որ «Լաչինի մարդասիրական ճանապարհը» փակել են ադրբեջանցիները, ու նշեց երեք հիմնական պատճառները
Միջազգային
19:06, 21 декабрь 2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակ ցույց է տալիս Ադրբեջանի արգելափակած Լաչինի միջանցքի անմիջապես և առանց նախապայմանների բացման հարցում միջազգային ուժեղ և միանշանակ կոնսենսուսը: Սա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ և համապարփակ գնահատականն է՝ տրված ազգերի ընտանիքի կողմից ՀՀ-ի դիմումի հիման վրա հրավիրված քննարկմանը՝ ՀՀ ԱԳ նախարարի  հետևյալ եզրակացությամբ. «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի»։ Կյանքի ճանապարհի կամ, ինչպես ընդունված էր նախկինում  կոչել՝ «Լաչինի մարդասիրական միջանցքի» ապաշրջափակմանը, որպես նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով սահմանված իմպերատիվ պահանջի ապահովում, հարկավ պետք է հաջորդեն իրավական, քաղաքական կայուն երաշխիքներ, որոնք կբացառեն միջանցքի հետագա փակումը որևէ պատրվակով։ Այսօր կամ առաջիկա օրերին, ենթադրում ենք, Ադրբեջանը միջազգային ճնշման ներքո հարկադրված է լինելու բացել միջանցքը, սակայն կա՞ն միջազգային երաշխիքներ, որ մեկ ամիս կամ մի քանի ամիս հետո ականատեսը չենք լինելու նոր «լաչինյան ռեցիդիվի», երբ արցախահայության իրավունքները կրկին ոտնահարվեն Ադրբեջանի հերթական  քմահաճույքի հետևանքով։ Հայկական դիվանագիտությունը ահա այդպիսի երաշխիքների ձեռք բերման ուղղությամբ թերևս պետք է աշխատի՝  ընդգրկելով նոր գործիքակազմեր, որոնք երկարաժամկետ լուծում կապահովեն միջանցքի անխափան ևանվտանգ շահագործման համար։

Միջազգային իրավունքի մասնագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ի պատասխան այն հարցի,թե ինչ գործիքակազմ պետք  է բանեցնել՝ միջանցքի հետագա հնարավոր փակումը կանխարգելելու համար, civic.am-ին պարզաբանեց՝ «այնպիսի միջազգային երաշխիք, որը կտա բոլոր հարցերի պատասխանը, ու բոլոր հարցերը կլուծվեն՝ չկա»։  Ըստ նրա՝ ամենօրյա դիվանագիտական աշխատանքի  միջոցով է հնարավոր ձեռք բերել  այդպիսի երաշխիքներ։ Եվեթե հրաշք տեղի ունենա, և ՄԱԿ-ի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ի հայտ եկած իրավիճակի հարցով ընդունվելիք բանաձևում  մանդատ տրամադրվի որևէ պետության կամ մի քանի պետությունների (կոլեկտիվ)զորախմբի, որոնք պետք է ինչ-որ բան երաշխավորեն, անգամ այդ պարագայում 100-տոկոսանոց երաշխավորվածություն չպետք է ակնկալել։ Պատմությունը գիտի դեպքեր, երբ խաղաղապահների աչքի առաջ տեղի են ունեցել կոտորածներ, որոնց խաղաղապահները չեն արձագանքել  կամ չեն կարողացել արձագանքել։

Հետևաբար հույս դնել որևէ բարձր մակարդակի որոշման ու դրա արդյունքի՝ երկրային կյանքում արտահայտմանը, պետք չէ։ Միակ լուծումը հայկական զինուժն է, մնացած բոլոր գործիքները, ըստ փորձագետի,  երկրորդական են։ Շատ կարևոր է միջազգային կառույցներում ակտիվ դիվանագիտական աշխատանքը, բանաձևերի ընդունումը, սակայն դրանք օժանդակող միջոցներ են, ևմիայն դրանց վրա հույս դնելը ճիշտ չէ։ 

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանն իր ելույթում խոստովանեց, թե ինչ պատճառներով է փակ «մարդասիրական ճանապարհը» 

Երեկ կայացած քննարկման ժամանակ ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը, ինչպես և սպասվում էր, հանդես եկավ ակնհայտ կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներով՝ իր հերթին մեղադրելով ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչին «մանիպուլյատիվ արշավի ևաղավաղումների մեջ»։ Մասնավորապես, խոսելով Լաչինի միջանցքում (նա չգործածեց միջանցք բառը) ստեղծված իրավիճակի մասին՝Ադրբեջանի ներկայացուցիչն ակամա խոստովանեց, որ միջանցքը փակվել է իր իսկ պետության կողմից՝ վկայաբերելով «մի փունջ» դրդապատճառներ։
 
Յաշար Ալիևը մասնավորապես նշեց, թե «Լաչինի ճանապարհը տեղակայված է ամբողջապես Ադրբեջանի տարածքում, այն ներխուժվել և օկուպացվել է Հայաստանի կողմից 1992-ի մայիսին»։ 

«44-օրյա պատերազմից հետ Լաչինի տարածաշրջանը վերադարձվել է Ադրբեջանին, և Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել ճանապարհով անցնող անձանց, տրանսպորտային միջոցների ևբեռների անվտանգությունը։ Սակայն ոչ Ադրբեջանի կառավարությունը, ոչ էլ բողոքող ակտիվիստները չեն շրջափակել ճանապարհը, քաղաքացիների, ապրանքների ևտրանսպորտային միջոցների անցուդարձի ռեժիմը  ճանապարհի երկայնքով մնում է անփոփոխ, խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց պարտականությունները՝ պաշտպանելու ճանապարհը»,-ակնհայտ կեղծ պնդում արեց Յ. Ալիևը։ Սակայն իր խոսքի հետագա հատվածում նշեց այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են նման իրավիճակի՝ ճանապարհի ապօրինի փակմանը. «Ի խախտումն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետի՝ ՀՀ-ն մերժում է իր զինված ուժերը հետ տանել՝ հետ կանչել իր ապօրինի զինված միավորումները ևշարունակում է ապօրինի զինված գործողություններ Ադրբեջանի տարածքում, որտեղ ռուսական խաղաղապահ ուժերը տեղակայված են ժամանակավոր։ Ճանապարհի մարդասիրական նշանակությունը ընդգծելով՝ Հայաստանը այն միաժամանակ օգտագործում է ռազմական նպատակներով՝ ներառյալ իր զինուժի անձնակազմի ռոտացիան կազմակերպելու համար, ինչպես նաևզինամթերք տեղափոխելով այդ տարածք՝ խախտելով միջազգային իրավունքն ու հայտարարության 6-րդ կետը»։ 

Ընդգծենք, որ դեռ ամիսներ առաջ՝ օգոստոսին, Արցախում տեղի ունեցած հերթական սադրանքից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  անդրադառնալով Բաքվի մեկ այլ շահարկմանը, թե Հայաստանը դուրս չի բերել իր զինված ուժերն Արցախից,վստահեցրեց՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա։

Ադրբեջանի դեսպանը մեղադրեց հայկական կողմին Ադրբեջանի տարածքում «նոր ականներ տեղադրելու մեջ»՝ 44-օրյա պատերազմին հետևած ժամանակահատվածում։ «Օգոստոսից ՀՀ-ում 2021 թ. արտադրված 2700 ականներ են հայտնաբերվել Ադրբեջանի ինքնիշխան տարածքում։ Ակնհայտրեն այս ականները տեղափոխվել են ՀՀ-ից, Լաչինի մարդասիրական ճանապարհով»,-հերթական կեղծ պնդումն արեց Ադրբեջանի դեսպանը։ Վերջինս ս.թ.դեկտեմբերի սկզբին Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ պնդելով, թե հայկական ուժերը շարունակում են ականներ տեղադրել Ադրբեջանի տարածքում: 

«Հայաստանը պետք է դադարեցնի ականային ահաբեկչությունը, փոխհատուցում տրամադրի և համապատասխան երաշխիքներ ու հավաստիացումներ տա, որ նման բան չի կրկնվի»,- ասված էր նամակում: Փաստաթուղթը պնդում է, թե ադրբեջանական կողմը ականներ է հայտնաբերել նաև այս տարվա օգոստոսին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանի երկու գյուղերում:Ադրբեջանական այս պնդումը ևս աղաղակող կեղծիք է, ինչի վերաբերյալ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերում պարզաբանող գրառում էր արել. «Ադրբեջանն օգոստոսին վերահսկողության տակ վերցրեց Սարիբաբա բարձունքը,բայց նոյեմբերին հայտարարեց, որ այնտեղ ականներ կան։ Ինչո՞ւ։ Որովհետև սեպտեմբերին նրանք ներխուժեցին Ջերմուկ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք, այնտեղից ականներ տեղափոխեցին Սարիբաբա, որպեսզի Հայաստանին սուտ մեղադրեն Լաչինի միջանցքով զինամթերք տեղափոխելու մեջ»:

Ադրբեջանի դեսպանի կողմից մեջբերված հաջորդ «գանգատը» վերաբերում էր նրան, թե իբր «Լաչինի ճանապարհը չարաշահվել է նաևհանքանյութերի և այլ ռեսուրսների ապօրինի տեղափոխման համար այն տարածքներից, որտեղ տեղակայված են ռուսական խաղաղապահները»։ «Ադրբեջանը միջազգային հանրությանը պարբերաբար ներկայացրել է հիմնավոր ապացույցներ, ըստ որոնց՝ ապօրինի տնտեսական շահագործման ենենթարկվում Ադրբեջանի՝ նախկինում բռնազավթված տարածքները՝ միջազգային իրավունքի աղաղակող խախտումներով։ 2020 թվականի նոյեմբերից ի վեր հանքային պաշարների անօրինական շահագործումը ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտում  չի դադարեցվել, ընդհակառակը՝ ընդլայնվել է։ Չնայած այն հանգամանքին, որ ճանապարհային քարտեզը համաձայնեցվել էր խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ 10 օր առաջ անձանց մի խումբ թույլ չի տվել Ադրբեջանի իրավասու   պաշտոնատար անձանց  տեղում զննել հանքային պաշարը և գնահատել հնարավոր բնապահպանական վնասներն ու ռիսկերը։ Այդ հանգամանքը դժգոհություն  է առաջացրել և էկոակտիվիստների խաղաղ ցույցերի հանգեցրել՝ Շուշա-Լաչին  ճանապարհի վրա։ Ցույցը շարունակվում է»,- նշել է Ադրբեջանի ներկայացուցիչը՝ հավելելով.«Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի ճանապարհի օգտագործումը պետք է լինի բացառապես մարդասիրական նպատակներով, ճանապարհի չարաշահումը որևէ այլ նպատակի համար, այդ թվում՝ մասնավորապես,անօրինական ռազմական գործունեության համար, այդ թվում՝ականներ տեղադրելու և Ադրբեջանի բնական պաշարների անօրինական տեղափոխման նպատակով հանդիսանում է եռակողմ հայտարարության էական խախտում ևչի կարող հանդուրժվել»։  Զավեշտալի է, որ Ադրբեջանը հղում է անում մի հայտարարության՝ նոյեմբերի 9-ի, որի կետերի տոտալ խախտումների հեղինակն է։ Մասնավորապես, այդ երկրի դեսպանի կողմից վկայակոչված հայտարարության 6-րդ կետում որևէ սահմանափակում նախատեսված չէ Լաչինի միջանցքով տեղաշարժի վերաբերյալ՝ ով կարող է անցնել, ինչ կարելի է տանել կամ չտանել։ Ըստ այդմ. «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»: 

Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանը Լաչինի միջանցքի նկատմամբ ավելի շատ պարտավորություններ ունի, քան իրավունքներ, և այդ պարտավորությունները կիսում է ռուս խաղաղապահ զորակազմի հետ միասին։    
 
Ամփոփելով ասվածը՝ նշենք, որ Լաչինի միջանցքը Ադրբեջանը միայն էկոլոգիական պատրվակով չէ, որ փակել է։ Իր կողմից նշված պատճառներից են իբրև թե հումանիտար միջանցքը ռազմական նպատակներով օգտագործելը, ՀՀ զինուժի՝ մինչև վերջ  դուրս չբերումը Արցախից և «Ղարաբաղի տնտեսական ռեգիոնի» հանքերի «ապօրինի  շահագործումը»։ Էկոլոգիական խնդիրների մասին կեղծ ահազանգերը ընդամենը ֆոն են, որի ներքո Ադրբեջանը մտադիր է հասնել իր գերնպատակին՝ տնտեսական ևբոլոր տեսակի նախադրյալները ստեղծել Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար։     
 
Հեղինե Մանուկյան