Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տատարսկու սպանությունը կապված է Ռուսաստանի ներքին հակասությունների հետ. Times

Տատարսկու սպանությունը կապված է Ռուսաստանի ներքին հակասությունների հետ. Times
Միջազգային
11:40, 04 апрель 2023
Լոնդոնի Times թերթը Սանկտ Պետերբուրգում պայթյունի վերաբերյալ հրապարակել է խմբագրական՝ «Պուտինի սարդերը» վերտառությամբ. պայթյունի հետևանքով սպանվել է պատերազմին աջակցող ռուս բլոգեր Վլադլեն Տատարսկին (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին):

Թերթի լրագրողների կարծիքով՝ Տատարսկու սպանությունն ավելի շուտ կապված է Ռուսաստանում ներքին հակասությունների հետ, քան ուկրաինական հատուկ ծառայությունների գործողությունների։

Միաժամանակ Times-ը հղում է անում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքերին, որը, մեկնաբանելով Տատարսկու մահը, գրել է, որ «սարդերը ուտում են իրար բանկում»։

Ի պատասխան ռուսական իշխանությունների պաշտոնական վարկածի առ այն, թե պայթյունը իբր կազմակերպել է Ուկրաինան, թերթը գրում է. «Դա նույնիսկ չափազանց է Պուտինի լրատվական մանիպուլյատորների համար: Նման պնդումները կարող են շոյել Կիևի անվտանգության ծառայություններին, բայց նրանց սպաներն ակնհայտորեն ոչ ժամանակ ունեն, ոչ էլ հնարավորություն հավաքագրելու Ռուսաստանի ուլտրաազգայնական շրջանակներում գործակալների»։

«Սպանությունն ավելի շուտ արտացոլում է պուտինյան էլիտաներում պառակտվածությունը, ներքին քաղաքականության դաժանությունը և բանդիտական մտածելակերպը, որը սկսել է գերակշռել ռազմական Ռուսաստանում»,- ասվում է Times-ի խմբագրականում: 

Թերթը ռուսական էլիտայի պառակտման հետ է կապում նաև ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դստեր սպանությունը, որը տեղի է ունեցել անցյալ ամռանը։