Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական զորքերը պայթեցրել են Կախովսկի ՀԷԿ-ը. 80 բնակավայր գտնվում է հեղեղումների սպառնալիքի ներքո. բնակչությունը տարհանվում է

Ռուսական զորքերը պայթեցրել են Կախովսկի ՀԷԿ-ը. 80 բնակավայր գտնվում է հեղեղումների սպառնալիքի ներքո. բնակչությունը տարհանվում է
Միջազգային
11:08, 06 июнь 2023
Ռուսական զորքերը Խերսոնի շրջանում պայթեցրել են Կախովսկի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը, հայտնել է «Յուգ» օպերատիվ հրամանատարությունը ֆեյսբուքյան իր էջում:

«Ներկայումս ճշտվում են ավերածությունների մասշտաբները, արագությունն ու ջրի ծավալը, հեղեղումների հավանական շրջանները։ Բոլոր ծառայություններն աշխատում են»,- ասվում է ուկրաինացի զինվորականների հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի կողմից նշանակված Նովայա Կախովսկիի «քաղաքապետ» Վլադիմիր Լեոնտևը սկզբում հայտարարել է, որ «քաղաքում ամենուր ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ հանգիստ է և խաղաղ», բայց հետո ասել է, որ գիշերվա շուրջ ժամը երկուսին «իրականացվել են բազմաթիվ հարվածներ Կախովսկի հիդրոէլեկտրակայանի ուղղությամբ, որոնք ոչնչացրել են «փականները»։ «Արդյունքում Կախովսկայայի ջրամբարից ջուրը սկսել է անկառավարելի հոսել հոսանքն ի վար»,- հայտարարել է նա։

Ավելի ուշ նա հավելել է, որ կայանի ավերումից հետո ջրի մակարդակը հոսանքն ի վար բարձրացել է 2,5 մետրով։ ՏԱՍՍ-ը, հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին, հայտնում է, որ Կախովսկի ՀԷԿ-ում 28 հենակետերից 11-ը ոչնչացվել է, իսկ 80 բնակավայր գտնվում է հեղեղումների սպառնալիքի ներքո։ Օկուպացիոն իշխանությունները Նովայա Կախովկիի տարհանման անհրաժեշտություն չեն տեսնում և պնդում են, որ Զապորոժիեի ատոմակայանի համար վտանգ չկա։

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է Դնեպրի աջ ափի պոտենցիալ հեղեղումների գոտիներից քաղաքացիական բնակչության տարհանման մասին։

Ուկրաինայի հարավի Պաշտպանության ուժերի միացյալ հրամանատարության համակարգման մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը հայտարարել է, որ ռուսները պայթեցրել են Կախովսկի հիդրոէլեկտրակայանը՝ փորձելով խաղարկել տեխնածին շանտաժի հերթական խաղաքարտը՝ այս կերպ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար։  

Նրա կարծիքով՝ ուժ չունենալով այլևս սպասելու, թե որտեղից կգա Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը, ռուսները փորձում են այս կերպ որոշակի իրավիճակ հրահրել։ «Եվ հասկանալով, թե ինչ են արել, այժմ իրենք տարհանվում են»,- հավելել է Գումենյուկը։

Խերսոնի մարզային պետական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հաստատել է Կախովսկի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթյունը և ասել, որ հինգ ժամից ջուրը կհասնի կրիտիկական մակարդակի։