Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանին և Ռուսաստանին կապում են փոխադարձ աջակցության մեր բազմադարյա ավանդույթները». Ալիևը շնորհավորել է Պուտինին

«Ադրբեջանին և Ռուսաստանին կապում են փոխադարձ աջակցության մեր բազմադարյա ավանդույթները». Ալիևը շնորհավորել է Պուտինին
Միջազգային
12:34, 12 июнь 2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

«Ադրբեջանին ու Ռուսաստանին կապում են մեր ժողովուրդների միջև բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ աջակցության բազմադարյա ավանդույթները։ Այսօր այս ամուր հիմքի վրա հաջողությամբ զարգանում են մեր միջպետական կապերը, սերտ ու վստահելի գործընկերային հարաբերությունները՝ օրեցօր ընդգրկելով ավելի ու ավելի նոր ոլորտներ»,- ասված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում։ 

Ադրբեջանական պետության ղեկավարը հատկապես նշել է երկու երկրների կողմից ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, «որը հստակ արտացոլում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ոգին և բնույթը, որոշարկում է բազմապլան փոխգործակցության ուղիները առաջիկա տարիների համար»։

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով այսուհետ ևս մենք ակտիվորեն կնպաստենք մեր հարաբերությունների հետագա ամրապնդմանը, փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում՝ հանուն մեր ժողովուրդների և երկրների բարգավաճման»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։

Նա Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն։