Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում իրենց հետ համագործակցությամբ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում իրենց հետ համագործակցությամբ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
Հասարակություն
15:31, 26 сентябрь 2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բոլոր շահագրգիռ կողմերին, որոնք ցանկանում են աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, կոչ է անում համագործակցել իրենց հետ՝ ռեսուրսները մեկտեղելու և դրանք նպատակին ծառայեցնելու համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանն ասաց՝ իրենց հետ համագործակցելու պարագայում աջակցության տրամադրումը կլինի թիրախային:

Նա պատմեց՝ երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդիկ մուտք են գործում Կոռնիձորի վրանային կայան, այնտեղ աշխատում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը, որում մարզպետարանի, համայնքի սոցիալական աշխատողներն են, նախարարության միասնական սոցիալական ծառայության սոցաշխատողները:

«Կարիքները գնահատվում են առաջնային կարիքի հաշվառման հարթակի միջոցով, որտեղ քաղաքացիները կարող են իրենց կարիքների մասին ահազանգել: Տեղեկատվությունն անմիջապես հասանելի է դառնում մարզպետարանների և մեր միասնական սոցիալական ծառայության սոցաշխատողների համար, ինչից հետո, ըստ գնահատված կարիքի, իրականացվում է դրա բավարարումը»,-նշեց նա և հավելեց՝ այն քաղաքացիները, որոնք ունեն նաև կացարանի անհրաժեշտություն, Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանից հետո տեղափոխվում են Գորիսի կոորդինացիոն կենտրոն, որը քաղաքի դրամատիկական թատրոնում է:

Մանուչարյանի խոսքով՝ կենտրոնում համապատասխան մասնագիտական խմբի հետ կազմակերպվում է նրանց կեցության վայրի ապահովման աշխատանքը: Կեցության վայրի ապահովման ամբողջ գործընթացն իրականացվում է մարզպետարանների համակարգմամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը կարևորեց նախարարության նախաձեռնությամբ գործարկված սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը (map.socservice.am), որտեղ կարող են մուտք գործել աջակցել ցանկացող տարբեր կազմակերպություններ և գույքագրել իրենց ռեսուրսները: Այդ տեղեկատվությունը հասանելի է և՛ նախարարությանը, և՛ մարզպետարաններին: Ռեսուրսները կօգտագործվեն ըստ կարիքի:

Մանուչարյանի խոսքով՝ լինում են մարդիկ, որոնք դիմում են նախարարություն և պատրաստ են որպես կամավոր օգտակար լինել: Նրանց համար էլ ստեղծվել է kamavor.mlsa.am կայքը:

Նա ընդգծեց, որ զանգեր են ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից: Մինչ օրս նրանցից ստացել են 3 հազարից ավելի զանգեր, որոնք վերաբերում են կացարաններին, տեղափոխվելուն և մի շարք այլ հարցերով: