Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի քանի ժամից ՀՀ կհասնի ԵՄ 10 մլն եվրո արժողությամբ օգնությունը բռնի տեղահանվածների համար

Մի քանի ժամից ՀՀ կհասնի ԵՄ 10 մլն եվրո արժողությամբ օգնությունը բռնի տեղահանվածների համար
Հասարակություն
18:46, 06 октябрь 2023
Մի քանի ժամվա ընթացքում ՀՀ կհասնի Եվրամիության 10 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնությունը Արցախից բռնի տեղահանվածների առաջնային կարիքները հոգալու համար։ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը, փոխանցում են ՀՀ կառավարությունից։

«Ես եկել եմ Հայաստան ցույց տալու համար Եվրամիության ամբողջական համերաշխությունը Հայաստանի, հայ ժողովրդի և, մասնավորապես, Ղարաբաղից (Արցախ՝ խմբ․)  տեղահանված մարդկանց։ Ինչպես գիտեք, Եվրամիությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանական ուժերի վերջին ռազմական գործողությունը Ղարաբաղի (Արցախ՝ խմբ․)  հայ բնակչության դեմ։ Ինչպես գիտեք, այս ռազմական գործողությունը հանգեցրել է ավելի քան 100 հազար մարդկանց տեղահանմանը դեպի Հայաստան։ Ես վստահեցնում եմ Հայաստանին ու հայ ժողովրդին, որ այս դժվարին իրավիճակում կարող են ապավինել Եվրամիության ամբողջական աջակցությանը»,- ասել է նա։

Ըստ նրա` այս իրավիճակում ԵՄ–ն նախատեսում է ակտիվացնել քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։

«Մենք շատ արագ մոբիլիզացրել ենք ավելի քան 5 միլիոն եվրո հումանիտար աջակցություն, մի քանի օր անց կրկնապատկել ենք այն, և այսօրվա դրությամբ տրամադրել ենք ավելի քան 10 միլիոն եվրո հումանիտար աջակցություն՝ առաջին հերթին օգնելու համար այն մարդկանց, ովքեր տեղահանվել են Ղարաբաղից։ Բացի այդ, մենք մոբիլիզացրել ենք Եվրամիության  հումանիտար օգնության պարագաների պաշարը, որը մոտակա ժամերին կուղարկվի Հայաստան՝ հումանիտար աջակցության կարիք ունեցող մարդկանց համար»,- ասել է Լենարչիչը։