Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամեն բան անելու եմ, որ խաղաղություն լինի, որ իրենք էլ հանգիստ, չվախենալով ոչինչից՝ վերցնեն իրենց ընտանիքներին և վերջապես վերադառնան Հայաստանում ապրելու․ Ալեն Սիմոնյանը՝ սոցցանցերում հայհոյողների մասին

Ամեն բան անելու եմ, որ խաղաղություն լինի, որ իրենք էլ հանգիստ, չվախենալով ոչինչից՝ վերցնեն իրենց ընտանիքներին և վերջապես վերադառնան Հայաստանում ապրելու․ Ալեն Սիմոնյանը՝ սոցցանցերում հայհոյողների մասին
Հասարակություն
12:06, 29 ноябрь 2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․

Լրատվականներից մեկի մեկնաբանություններն եմ կարդում իմ այսօրվա ճեպազրույցի այն հատվածի տակ,  ուր ասել եմ, որ գալու է ժամանակ, որ հայերը և ադրբեջանցիները ապրեն իրար կողքի: Պարզ է, որ մի նոր բան չի ասվել և բացահայտում չկա նրա մեջ, որ երկու հարևան պետության գոյատևման լավագույն տարբերակը խաղաղ ապրելն է և առևտուր անելը: Երկարատև արյունալի պատերազմներից հետո խաղաղ ապրելու օրինակները շատ են, իսկ այլընտրանք ուղղակի չկա: 

Բայց, արի ու տես, մեկնաբանություններն այլ բանի մասին էին: Բովանդակալից ոչինչ չկար, զուտ վիրավորանքներ և հուզմունք: Փորձեցի հասկանալ՝ ովքեր են այս մարդիկ, որոնք այդքան սրտացավ են և չեն ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, և ոչ մի զարմանալի բան չբացահայտվեց: Եթե մի կողմ դնենք անիծող երիտասարդ մայրերին, քաղաքականությամբ զբաղվող վիզաժ-մակիաժ-տատուաժ անող տիկնանց, պարզվում է՝ նրանց մեծ մասը բնակվում է ՌԴ-ում, և օրինակ՝ Ստավրոպոլ քաղաքից ինքը չի ցանկանում, որ հայերը ապրեն ադրբեջանցիների հետ կողք կողքի, և թեկուզ գրում է ռուսատառ, բայց իր պատկերացմամբ հայերեն, հաճախ նույնիսկ գերազանց ռուսերենի և հայերենի տիրապետումը չի օգնում լիարժեք հասկանալ, թե ինչ է ցանկացել ասել այդ հայորդին: Մի փոքր մաս էլ բնակվում է ԱՄՆ-ում, և, բնական է, նույնպես չի ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի և անընդունելի է համարում իմ ասածը:
 
Հետաքրքիր մի տեսակ էլ կա, որ աչքի է ընկնում հայհոյանքների շքեղությամբ, և վստահ կարող եմ ասել, թե որքան շքեղ են հայհոյանքերը, այնքան հեռու են ապրում նրանք Հայաստանից և այդքան արագ էլ անհետանում են, երբ փորձում ես կապ հաստատել և հասկանալ, թե ինչն է այդքան զայրացրել Ստավրոպոլում ապրող, իր էջում Հիսուսի և զենքի նկարներ տեղադրող և մեքենայի սպիդոմետրը վիդեո նկարած այդ հայրենասեր երիտասարդ հայորդուն: 

Բայց չկարծեք, թե բողոքում եմ կամ նեղսրտում, պարզ է, որ հանրային մարդը, քաղաքական գործիչը կարող է և պետք է քննադատվի, այն էլ մեր ժամանակներում, երբ նույնիսկ իրենց թոռների և մազերի սանրվածքների շքերթով փայլող կանայք չեն խորշում վերջին հայհոյանքները տալ և լսել: 

Հակառակը, թող սովորեն, լսեն, ֆիքսեն, որ ամեն բան անելու եմ, որ խաղաղություն լինի, որ իրենք էլ հանգիստ, չվախենալով ոչինչից՝ վերցնեն իրենց  ընտանիքներին և վերջապես վերադառնան Հայաստանում ապրելու: