Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժողովրդին հայտնի քրգործերը կարող են արագ հանգուցալուծվել, եթե դատարանները հնարավորինս շուտ բեռնաթափվեն. Անդրեասյան

Ժողովրդին հայտնի քրգործերը կարող են արագ հանգուցալուծվել, եթե դատարանները հնարավորինս շուտ բեռնաթափվեն. Անդրեասյան
Հասարակություն
13:54, 15 декабрь 2023
Ժողովրդին հուզող հայտնի քրեական գործերը կարող են առաջիկա ամիսներին հասնել հանգուցալուծման, եթե քրեական դատարանները հնարավորինս շուտ բեռնաթափվեն:

Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

«Հազարավոր այլ քրեական գործեր նույնպես տարիներով չեն ձգձգվի, և մարդիկ երկարատև անորոշության մեջ չեն սպասի ճակատագրական վճիռների, եթե քրեական դատարաններում մեկ դատավորի մոտ գործերի քանակը այլևս մի քանի անգամ չգերազանցի միջին եվրոպական բեռնվածությանը:

Նման բեռնաթափման համար կա՛մ պետք է քրեական դատավորների թիվը առնվազն կրկնապատկվեր և մոտարկվեր եվրոպական մինիմումին, կա՛մ գտնվեին քրեական դատավարության օպտիմալացման օրենսդրական լուծումներ:

Բարձրագույն դատական խորհուրդը և քրեսկան ոլորտի տասնյակ դատավորներ 2022-ի դեկտեմբերին նախընտրեցին նախաձեռնել խնդրի լուծման օրենսդրական ճանապարհը, որը պետական բյուջեի վրա հսկայական լրացուցիչ բեռ չէր ենթադրում:

Արդեն Ազգային ժողովում առաջին ընթերցում անցած օրենսդրական փոփոխության արդյունքում քրեական գործերով առաջին անգամ ոչ մեծ հանցանք կատարելու դեպքում (օրինակ՝ խմած մեքենա վարելու) հնարավոր է մեղքն ընդունել, գալ հաշտության և ազատվել անհարկի դատարան ներկայանալու պարտավորությունից:

Այսպիսով, քաղաքացիները հնարավորություն են ստանալու խնայել իրենց ժամանակն ու ռեսուրսները, իսկ քրեական դատարանները կբեռնաթափվեն շուրջ 40 տոկոսով:


Այս և մի շարք այլ կարևորագույն փոփոխություններով օրենսդրական փաթեթի մշակումն ու քննարկումները ընթացան ողջ 2023 ընթացքում, իսկ ամբողջական ընդունումը սպասվում է առաջիկա շաբաթներին»,- գրել է նա: