Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատ կարևոր է, որ տարբեր ոլորտների կայացած կանայք ընկերություն անեն, փորձի փոխանակումներ լինեն. ՀՀ վարչապետի տիկնոջ նախաձեռնությամբ մեկ հարկի տակ էին հավաքվել 100-ից ավելի կանայք

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում հավաքվել էին 100-ից ավելի կանայք ամենատարբեր ոլորտներից՝ պետական համակարգից, գործարար կանայք, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև զոհված զինծառայողների մայրեր։  

Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպման նպատակն է ամփոփել տարին գեղեցիկ, դրական միջավայրում և ազատ շփվել միմյանց հետ, որովհետև շատ կարևոր է, որ տարբեր ոլորտի կայացած կանայք, տարբեր կազմակերպություններ ներկայացնող կանայք ընկերություն անեն, բարեկամություն անեն, համագործակցեն, փորձի փոխանակումներ լինեն։ Սա նման ձևաչափով  առաջին միջոցառումն է։

«Այսպիսի միասնականության և համախմբման արդյունքում ենք մենք կառուցելու մեր երազանքների Հայաստանը։ Տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությունն է, պլանավորում էինք երկար, որպեսզի տարեվերջին լինի, և նպատակային միջոցառում կազմակերպենք, ու ֆորմատն էլ հենց այդպիսին է՝ ազատ շփում միմյանց հետ և տիկին Աննայի հետ, որովհետև տարվա ընթացքում ստանում ենք շատ նամակներ, որտեղ ցանկանում էին հանդիպել տիկնոջ հետ, պարզապես ծանոթանալ, զրուցել, և այսօր հենց այդ հնարավորությունն ունեն բոլոր կանայք, ովքեր տարվա ընթացքում լինում են մեր կողքին, մեր նախաձեռնությունների կողքին և աջակցում են տարբեր ծրագրերի շրջանակում»,- ասաց Ստելլա Սարուխանյանը։

Նշենք նաև, որ սրահի մի հատվածում էլ ներկայացված էին հանդիպմանը ներկա կանանց ձեռքի աշխատանքները, նրանց գործունեության վերաբերյալ բուկլետներ, ինչպես նաև որոշների ձեռնարկության արտադրանքը։

«Մեզ համար շատ կարևոր է ամուր պահել կառավարություն-հասարակություն կապը, քանի որ համախմբված ու նպատակային աշխատանքի արդյունքում ենք կառուցելու մեր երազանքների Հայաստանը»,- ասաց Ստելլա Սարուխանյանը։

Միջոցառմանը ներկա էր նաև 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Մարգարյանի մայրը՝ Արսինե Սահակյանը։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ շատ ուրախ է ներկա գտնվել այսպիսի մեծ միջոցառման, որը միտված է համախմբել ուժեղ, հզոր կանանց մեկ հարթակում։

«Փորձի փոխանակումը, անմիջական շփումը շատ կարևոր են, որովհետև մենք ՀՀ-ում շատ հզոր կանայք ունենք, և շատ լավ է, երբ այդ կանայք սկսում են իրար ավելի մոտիկից ծանոթանալ: Այսպիսի հանդիպումները, կարծում եմ, շարունակական կլինեն, և սա 2024 թվականի, կարելի է ասել, սկզիբը և հիմքը կլինի։ Եվ կուզենամ ամեն տարի կամ տարվա մեջ մեկ-երկու անգամ այսպիսի հանդիպումներ կազմակերպվեն»,- ասաց Արսինե Սահակյանը։

«Լուսե» հասարակական-բարեգործական կազմակերպության համահիմնադիր Դալար Դավթյան-Աղաբեկյանն էլ, որը 10 տարի բնակվել է Ավստրալիայում, մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք պատերազմից տուժած ընտանիքի անդամների ուսումն են ֆինանսավորում և հիմնականում աշխատում են մարզերում։

«Սա շատ կարևոր միջոցառում է, լավ հարթակ է, որ գործարար կանայք ծանոթանան իրար հետ, միասին ավելի ուժեղ երկիր դարձնելու համար կարողանանք համագործակցել և պրոյեկտները հասցնենք հասցեատիրոջը։ Միայն խաղաղություն եմ ուզում և ուզում եմ շատ-շատ մարդիկ, ինչպես ես, սփյուռքից գան և ապրեն Հայաստանում»,- ասաց Դալար Դավթյան-Աղաբեկյանը։

«Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության հեղինակ Անահիտ Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությունը զբաղվում է գյուղերի զարգացմամբ, կրթությամբ, դպրոցների վերանորոգմամբ։

«Հիմնականում, երբ որ մի փոքր լույս ենք վառում, մնացած փոքր լույսերը միաբանվում և դառնում են մի մեծ ջահ, որի արդյունքում կարողանում ենք գյուղերի զարգացման ծրագրերն առաջ տանել։ Մենք միայնակ չենք կարող ամեն գործ անել, մի բան, որ ինձ մոտ չի ստացվում, մեկ ուրիշի մոտ դա ավելի լավ է ստացվում, հետևաբար իմ ուժեղ կողմը մեկ ուրիշ ուժեղ կողմի հետ միասին ավելի ուժեղացնում է մեր ուժը։ Հետևաբար իրար ճանաչելով, իրար ուժեղ կողմերը ճանաչելով, տարբեր գործունեություններ իրար միաբանելով, բնականաբար, մենք ոչ միան Երևանում, ոչ միայն մեծ քաղաքներում, այլ նաև բոլոր գյուղերում կարողանում ենք համաչափ զարգացում ապահովել տարբեր թեմաներով, տարբեր ոլորտներով»,- ասաց Անահիտ Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան