Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ դատավոր Թունյանն ընտրվել է ԵԱՏՄ դատարանի դատավոր. դատավորների ընդհանուր ժողովը պետք է դատավորի թեկնածու առաջադրի

ՍԴ դատավոր Թունյանն ընտրվել է ԵԱՏՄ դատարանի դատավոր. դատավորների ընդհանուր ժողովը պետք է դատավորի թեկնածու առաջադրի
Հասարակություն
20:55, 08 январь 2024
Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ հունվարի 4-ին դադարել են ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Արաիկ Թունյանի լիազորւթյունները՝ իր դիմումի հիմքով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով։

Սահմանադրական դատարանի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ  ՍԴ նախագահը, դատավորները և աշխատակազմը շնորհավորում են դատավոր Թունյանին Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ՝ երախտիքի խոսք հղելով ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար և վստահություն հայտնում, որ Թունյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական գործունեությունը կարևոր նշանակություն կունենան Եվրասիական տնտեսական միության դատարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում։

Ըստ աղբյուրի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի նախագահին վերապահված լիազորության ուժով ՍԴ նախագահ Արման Դիլանյանը 2024 թվականի հունվարի 5-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին գրություն է ուղարկել՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու վերաբերյալ։

Սահմանադրության 213-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Արաիկ Թունյանի լիազորությունները դադարելու փաստի բերումով առաջացած՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու հերթը դատավորների ընդհանուր ժողովինն է, որը պարտավոր է ՍԴ նախագահի գրությամբ տեղեկացվելուց հետո ոչ ուշ, քան «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեկամսյա ժամկետում Ազգային ժողովին առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու:
Նշվում է, որ Սահմանադրական դատարանի նոր դատավորն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածով սահմանված կարգով:

Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու: