Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արվեստագետները բիզնեսներ չունեն, շատերը նույնիսկ ընտանիք չունեն ու անպաշտպան են․ պետք է մտածել նրանց սոցիալական պաշտպանվածության մասին, ոչ թե այդ ստից կոչումների․ Ռուբեն Բաբայան

Արվեստագետները բիզնեսներ չունեն, շատերը նույնիսկ ընտանիք չունեն ու անպաշտպան են․ պետք է մտածել նրանց սոցիալական պաշտպանվածության մասին, ոչ թե այդ ստից կոչումների․ Ռուբեն Բաբայան
Հասարակություն
22:25, 15 январь 2024
Այսօր ՀՀ ԱԺ-ում քննարկվել է «ՀՀ Պետական պարգևների, պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցը։

ԱԺ-ում ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ասաց, որ գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնք ներկայումս բացասական ազդեցություն են ունենում առանձին մասնագիտական ոլորտների առողջ մրցակցության, արժանիքային առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, իսկ կառավարության քաղաքականությունը ներկայումս ուղղված է առանձին մասնագետների խրախուսմանը՝ չափելի և կոնկրետ արդյունքների վրա հիմնված գործիքակազմով։ Իսկ վարկանիշային համակարգեր ստեղծելու, ոլորտային մրցանակաբաշխություններ իրականացնելու, անհատ մասնագետներին կոչումներ շնորհելու խրախուսական գործիքակազմը կառավարության ներկայիս քաղաքականությունից չի բխում։

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունն այս նախագծին դեմ է։  

Նախագծի վերաբերյալ  Civic.am-ը զրուցեց Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ, որը, ի դեպ,  2004-ին ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում է ստացել։

«Իմ կարծիքը ես 30 տարի շարունակ հայտնում եմ, որ պատվավոր կոչումները ավելորդ բան են։ Իմ կարծիքը կոչումների վերաբերյալ միշտ եղել է բացասական, իսկ պետական շքանշանները, մեդալները դրանք ուրիշ հարց են, կապ չունեն կոչումների հետ։ Կոչումները Հայաստանի անկախություն ձեռք բերելուց հետո չկային, հանվել էին։ Եթե չեմ սխալվում, դրանք վերականգնվել են 2003 թվականին, և ոչ մի լավ բան դրա մեջ չեմ տեսնում։ Եվ ընդհանրապես, ինքս ունենալով կոչում, երբեք այդ կոչումը չեմ գրել որևէ թատրոնի պաստառի տակ։ Եթե հիմա անցնենք Տիկնիկային թատրոնի մոտով, պարզապես գրած է՝ Ռուբեն Բաբայան՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, կոչում նշված չի»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Դիտարկմանը, որ ընդդիմությունը դեմ է այս նախագծին, Ռուբեն Բաբայանը նկատեց․ «Եթե կառավարությունը որոշում է հանել, պարզ է, որ ընդդիմությունը պիտի դեմ լինի, եթե կառավարությունը որոշեր պահել, ապա ընդդիմությունը դեմ կլիներ պահելուն, դա պարզ է չէ՞»։

«Կոչումները ստացել են և՛արժանավոր մարդիկ, և՛ անարժան մարդիկ, այստեղ դժվար է միանշանակ ասել։ Ես կարող եմ բազմաթիվ մարդկանց անուններ բերել, որոնք իսկապես արժանավոր են եղել, և բազմաթիվ մարդկանց անուններ, որոնք անարժան են եղել։ Կոչումները փչացնում են մթնոլորտը։ Արվեստագետի համար կան մասնագիտական մրցույթներ, փառատոներ, որտեղ լինել դափնեկիր կամ որևէ կոչում ստանալ՝ շատ ավելի պատվաբեր է և գնահատվում է պրոֆեսիոնալ միջավայրում։ Իսկ այս պարագայում, այդ վաստակավոր, ժողովրդական․․․ առավելևս, որ դա ընդլայնվեց հասավ և՛ կրթական համակարգին, և՛ շինարարներին, և որտեղ ասես»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ երբ ասում են՝ կոչում տալով արվեստագետի հանդեպ հարգանք են ցուցաբերում, ապա այդ հարգանքը արվեստագետի նկատմամբ պետությունը կարող է ցույց տալ  նրան ֆինանսապես օժանդակելով։

«Ավելին ասեմ, հոգալով արվեստագետի կարիքները՝ արդեն երբ նա մեծացել է․․․ արվեստագետները բիզնեսներ չունեն, շատերը նույնիսկ ընտանիք չունեն ու անպաշտպան են։ Եվ պատկերացրեք՝ մարդ 40 տարի դուրս է գալիս բեմ, ուրախացնում է մարդկանց, հուզում է, գեղագիտական հաճույք է պատճառում, հետո գնում է թոշակի, և այդ 40 տարվա իր հատուցումը լինում է 65 000 դրամ։ Սրա մասին է պետք մտածել ՝ արվեստագետների սոցիալական պաշտպանվածության մասին, այլ ոչ թե այդ ստից կոչումների»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը։ 

Նշենք, որ կոչումներ շնորհելը Խորհրդային Միության օրենսդրությամբ սահմանված նորմ էր, որը, ըստ նախագծի հեղինակների՝ ժամանակավրեպ է:

Հիշեցնենք, որ նախկին իշխանությունների օրոք կոչումներ հիմնականում շնորհվում էին իշխանության հետ լավ հարաբերություններ ունեցող, նրանց մասնակցությամբ միջոցառումները վարող, անգամ ընտանեկան միջոցառումները վարող երգիչ-երգչուհիները։ Նույն կազմը մասնակցում էր նաև իշխող կամ կոալիցիոն իշխանության նախընտրական քարոզարշավներին։ Ժողովուրդը նրանցից ոմանց հաճախ անվանում էր «պալատական սազանդարներ»։

Իսկ կոչումներ ստացողների մեջ, նախկին իշխանության օրոք չէինք տեսնի ընդդիմադիր հայացքներ ունեցող մտավորականների։ Օրինակ՝ հայտնի ու սիրված դերասան Երվանդ Մանարյանին, որը  Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին աչքի էր ընկնում ընդգծված ընդդիմադիր հայացքներով, ժողովրդական արտիստի կոչում շնորհվել է միայն 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո, իսկ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվել է 2019 թվականին։ Բայց մինչև կոչումներն ստանալն էլ Երվանդ Մանարյանը ժողովրդի կողմից սիրված ու հարգված արտիստ էր։
 

Լիլիթ Թադևոսյան