Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեսչյանն ի պաշտոնե խոստացել է, որ 5 հարկից ավել չի լինելու, իսկ այսօր 12 հարկանի շենքի նախագիծ կա․ «Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչները հանդիպում են քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ

Մեսչյանն ի պաշտոնե խոստացել է, որ 5 հարկից ավել չի լինելու, իսկ այսօր 12 հարկանի շենքի նախագիծ կա․ «Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչները հանդիպում են քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ
Հասարակություն
15:33, 23 август 2021
«Ֆիզգոռոդոկ»-ի տարածքում բարձրահարկ շենքի կառուցման դեմ բողոքող քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ։  

Լրագրողների հետ զրույցում տարածքի բնակիչներից Սեդա Գրիգորյանը տեղեկացրեց, որ եղել է հանդիպում ավագանու անդամների և Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ։

«Արթուր Մեսչյանը խոստացել էր ինչ-որ կոմպրոմիսի գալ, որպեսզի մաքսիմում 4-5-հարկանի շենքի լինի, մենք այսօր ունենք 12-հարկանի շենքի նախագիծ, այսինքն՝ ինչ-որ փուչ հանդիպումներ են եղել, և մինչև օրս լուրջ չի ընդունվել քաղաքացիների բողոքը»,- ասաց Սեդա Գրիգորյանը։

Վերջինս նաև նշեց, որ բնակիչները չեն կարողանում գործունեություն ծավալել՝ կանաչապատել, մշակել այդ տարածքները, թեև երեխաներ են այնտեղ խաղում։ 

Նրա խոսքով՝ հատկապես վերջին տարիներին նկատում են, որ կառուցապատողները գիշերները թունաքիմիկատներ են լցնում, որպեսզի խոտածածկ տարածքները չորանան, ամայանան  և հիմք հանդիսանան կառուցապատման ծրագրերի համար։

Սեդա Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ «Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչներից կազմված խումբն այս պահին հանդիպում է քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։ 

«Մենք պահանջում ենք, որ քաղաքապետն անձամբ ներկայանա «Ֆիզգոռոդոկ», խոսի քաղաքացիների հետ և պատասխան տա իր կայացրած որոշման համար։ Գիտավանը հիմնադրվել է Ալիխանյան եղբայրների կողմից՝ որպես Ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների ընտանիքների համար բնակավայր։ Հիմա բոլորը չեն, որ գիտնականների զավակներ են, բայց այնտեղ 12 ակադեմիկոս է բնակվել, և այսօր էլ նրանց ընտանիքներն են բնակվում։ Թաղամասն ունի որոշակի դիմագիծ, համակեցության կանոններ։ Ցածրահարկ շենքերի առկայությունն այնտեղ պատահական չէ։ Բոլոր ենթակառուցվածքները հարմարեցված են հենց այն չափի թաղամասի համար, որն առկա է»,- ասաց Սեդա Գրիգորյանը։

Վերջինս նկատեց՝ քաղաքապետը քաղաքի ամենականաչ, գիտնականներով հարուստ թաղամասին չի ընդառաջում, սակայն հանդիպում ու երկխոսում է կառուցապատողի հետ։