2023 թականին ՀՀ-ում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը կազմում է 8 հազար 761 մարդ, որոնցից 5 հազար 73-ը ստացել է ժամանակավոր կարգավիճակ, 3 հազար 274-ը՝ մշտական, 414-ը՝ հատուկ։ Այս մասին տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։
Civic.am-ը ՎԿ տեղեկանքից (ՀՀ-ում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների բաշխումն ըստ քաղաքացիության երկրի և կացության կարգավիճակի տեսակի, 2023թ.) պարզեց, որ մեր երկրում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների մեջ ամենամեծ թիվը կազմում են ԱՊՀ երկրների քաղաքացիները՝ 3 658-ը ստացել է կարգավիճակ, այդ թվում 1269-ը՝ ժամանակավոր, 2389-ը՝ մշտական։ Երկրորդ տեղում ՌԴ քաղաքացիներ են, մասնավորապես 3 հազար 350 անձ կացության կարգավիճակ է ստացել, այդ թվում 1 093-ը՝ ժամանակավոր, 2 137-ը՝ մշտական, 120-ը՝ հատուկ։ Հաջորդիվ Հնդկաստանի քաղաքացիներ են՝ կացության կարգավիճակ ստացածների թիվը 2 035 է, այդ թվում 1 994-ը՝ ժամանակավոր, 41-ը՝ մշտական։ Հատուկ կարգավիճակ Հնդկաստանի և ոչ մի քաղաքացի չի ստացել։ Հաշվետու տարում ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել նաև մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության 766, Վրաստանի՝ 280, Ուկրաինայի՝ 244, ԱՄՆ-ի՝ 152, Թուրքիայի՝ 17, Հարավային Աֆրիկայի՝ 10, ԵՄ երկրների՝ 266 քաղաքացիներ։
ՎԿ-ն տվյալներ է հրապարակել նաև 2023-ին ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիներին ըստ քաղաքացիության երկրի և կարգավիճակի տրման հիմքի վերաբերյալ։ Մասնավորապես Հնդկաստանի 75 քաղաքացու կարգավիճակ է տրվել ըստ ընտանիքի հետ միավորման հիմքի, 1 882-ին՝ ըստ ուսման հիմքի, 37-ին՝ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հիմքով։ ՌԴ քաղաքացի 495 անձի կացության կարգավիճակ է տրվել ընտանիքի հետ միավորվելու հիմքով, 125-ին՝ ուսման, 456-ին՝ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հիմքով։ Կացության կարգավիճակ ստացածներից 17-ը եղել է ազգությամբ հայ։ ԱՊՀ երկրների քաղաքացի հանդիսացող անձանց կարգավիճակն էլ շնորհվել է մասնավորապես հետևյալ հիմքերով՝ 619 հոգու՝ ընտանիքի հետ միավորում, 159՝ ուսում, 472՝ ձեռնարկատիրական գործունեություն։ Կարգավիճակ ստացածներից 19-ը եղել է ազգությամբ հայ։ ԵՄ երկրների քաղաքացիներից 67-ը կացության կարգավիճակը ստացել է ընտանիքի հետ միավորման հիմքով, 48-ը՝ ուսման, 7-ը՝ ձեռնարկատիրական գործունեության, նրանցից 5-ը ազգությամբ հայ է։
Նշենք նաև, որ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածներից 4 479-ը արական սեռի է, 1 346-ը՝ իգական։
Հ. Մ.