Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկ Մխեյանի կողմից ուրիշի ավտոտնակին տիրանալու քրեական գործը առաջ չի գնում․ Տեսանյութ․ hetq.am

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանի կողմից այլ անձի ավտոտոնակին տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն առաջ չի գնում։

2020 թ-ի ապրիլին հարուցված քրեական գործով քննչական կոմիտեում (ՔԿ) դեռ նախաքննություն է ընթանում։ 

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վիգեն Մեսրոպյանը հայտնել է, որ նախաքննության ավարտ չի հայտարարվել երկու պատճառով։ Քրեական գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները դեռ պետք է ստուգվեն և գնահատվեն։

Պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցված քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման համար կատարվել են հարցաքննություններ, հարցումներ և զննություն։ «Տեղեկացնում եմ նաև, որ քննության ներկա փուլում հաղորդում տված անձի և Գագիկ Մխեյանի միջև առերեսում չի կատարվել»,- հայտնել է Վիգեն Մեսրոպյանը։

Քրեական գործի ընթացքից դժգոհ է ավտոտնակի իրական սեփականատեր, տուժող Աշոտ Բաղդասարյանը։ Այդ մասին նա գրավոր հայտնել է դատախազությանը։ Աշոտ Բաղդասարյանի դիմումի ընթացքին հետևելով՝ իմանում ենք, որ դատախազության պահանջով սեպտեմբերի 15-ին քրեական գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի դատախազություն, որպեսզի ուսումնասիրվի։ 

2020 թ-ի ապրիլին մենք գրել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանը տիրացել է այլ անձին պատկանող ավտոտնակին։ Հետագայում Մխեյանը փորձել է դա վաճառել, որի մասին իմացել է ավտոտնակի փաստացի սեփականատերը, սակայն ոչ մի կերպ չի կարողացել թղթերով իրենից խլված ավտոտնակը վերադարձնել։

Աղբյուր՝ hetq.am