Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում համատեղ ցուցահանդեսի հնարավորությունը

Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում համատեղ ցուցահանդեսի հնարավորությունը
Հասարակություն
21:34, 05 апрель 2024
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հյուրընկալվել է «Պողոսյան» հիմնադրամի հովանու ներքո գործող «Villa Empain» մշակույթի և արվեստի կենտրոնում, հանդիպել «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսական հարցերով տնօրեն Ստեյն Յակոբսի և ցուցասրահի ղեկավար Ան֊Քլեղ Դյուպեղի հետ:

Այս մասին հայտնում են հիմնադրամից։

Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է «Իմ Քայլը» հիմնադրամի առաքելությունը և ընթացիկ երեք ծրագրերը, ինչպես նաև ծանոթացել «Պողոսյան» հիմնադրամի գործունեությանը: Առաջարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի և «Պողոսյան» հիմնադրամի համատեղ ջանքերով Հայաստանում կազմակերպել սփյուռքահայ ժամանակակից նկարիչների և արվեստագետների ցուցահանդես:

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ խորացնելով երկու հիմնադրամների միջև գործակցությունը:

Հանդիպումից հետո Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ «Villa Empain» արվեստի կենտրոնում ծանոթացել է ժամանակակից մոդեռնիզմի վառ ներկայացուցիչներ Ժոզեֆ և Աննի Ալբերների աշխատանքներին:

Հանդիպման ավարտին «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչներն Աննա Հակոբյանին հրավիրել են սեպտեմբերին Երևանի Սիրահարների այգում կայանալիք բացօթյա ցուցահանդեսին, որը նվիրված է լինելու “Villa Empain” մշակույթի և արվեստի կենտրոնի պատմությանը: