Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կոչ ենք անում ավելի խիստ միջոցներ ձեռնարկել և պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական կողմի հանդեպ»․ Արցախցի կանայք հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարին և նամակ փոխանցել

«Կոչ ենք անում ավելի խիստ միջոցներ ձեռնարկել և  պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական կողմի հանդեպ»․ Արցախցի կանայք հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարին և նամակ փոխանցել
Հասարակություն
17:35, 12 ноябрь 2021
Այսօր արցախցի մի խումբ կանայք հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գ. Վ. Անաշկինին՝ արտահայտելու  իրենց մտահոգությունները վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող և անպատիժ մնացող սանձարձակությունների, ոճրագործությունների վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ստեփանակերտի բնակչուհի Արմինե Ավագիմյանը։ 

«Ուզում ենք տեղեկացնել, որ երեկ՝ նոյեմբերի 10-ին, արցախցի մի խումբ կանանցով նախաձեռնել ենք հանդիպում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գ. Վ. Անաշկինի հետ՝ արտահայտելու մեր մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող և անպատիժ մնացող սանձարձակությունների, ոճրագործությունների վերաբերյալ։ Բարձրաձայնել ենք գործող անվտանգության մեխանիզմների վերանայման անհրաժեշտությունը, հրատապ ու կենսական նշանակության մի շարք այլ հիմնախնդիրներ», - գրել է նա։ 

Նրանք նաև նամակ են փոխանցել Անաշկինին՝ նշելով իրենց մտահոգությունների մասին։ Նամակում, անդրադարձ կատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված 56 հանցագործություններին, նշվում է, որ ադրբեջանական կողմի վարքագիծը ահաբեկչական բնույթ ունի, ինչից արցախահայությանը պետք է պաշտպանեն ՌԴ խաղաղապահներն ու հայ զինվորները։ Կանայք կոչ են անում ավելի խիստ միջոցառումներ ձեռնարկել և հրապարակային պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական կողմի հանդեպ՝ նրանց վարքագծի համար։

Նամակում  բարձրաձայնված խնդիրներից մեկը վերաբերում է Ստեփանակերտը սնուցող ջրամբարին։  

«Այսօր Արցախը սնուցող ջրային ռեսուրսների մեծ մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս պատճառով ջրի պաշարները բնակչության համար ոչ միայն մի քանի անգամ կրճատվել են, այլև  Ստեփանակերտը սնուցող ջրամբարը, որը գտնվում է չեզոք գոտում, շատ խոցելի է և կարող է թունավորվել ադրբեջանցիների կողմից»,- նշվում է նամակում։

Կանայք ակնկալում են նամակում թվարկված հարցերի լուծումներ ստանալ։

«Խնդրում ենք ներկայացնել մեզ, թե թվարկված կենսական նշանակության և հրատապ հարցերին ինչ լուծումներ, երաշխիքներ եք առաջարկում, արդյո՞ք ադրբեջանցիների այս անպատժելիությունը շարունակական է լինելու, որպեսզի տարբեր ենթադրությունների տեղիք չլինի հայ-ռուսական բազմադարյա եղբայրության, համագործակցության և մասնավորապես՝ Ձեր խաղաղապահ առաքելության  իրականացման կամքի և անշահախնդիր իրականացման, ռուս խաղաղապահի միջազգային բարձր հեղինակության պահպանման գործում», - նշվում է նամակում։

Սյուզի Սիրականյան