Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպառնացել է իրավապահներին, մեքենայով հարվածել ոստիկանական մեքենային. կալանավորվել է 27-ամյա երիտասարդ․ տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից կատարված հանցագործությունների մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 27-ամյա երիտասարդը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում, 2021թ. մայիսի 24-ին վարել է առանց հաշվառման համարանիշների «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, ինչի արդյունքում այն կանգնեցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և կազմվել համապատասխան արձանագրություն:

Բացի այդ, ՀՀ ոստիկանության աշխատակիցները,  ստանալով օպերատիվ տեղեկություններ, 2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, մոտեցել են Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի մոտ կայանված, 27-ամյա երիտասարդի կողմից վարվող «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային և օրենքով սահմանված կարգով ներկայանալով, նրան պահանջել են իջնել ավտոմեքենայից:

Երիտասարդը չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, իր կողմից վարվող ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի ավտոմեքենային, նրանց հասցեին հնչեցրել բռնության գործադրելու սպառնալիքներ, ավտոմեքենան վարել ճանապարհին կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ՝  իրական վտանգ ստեղծելով վերջիններիս առողջության համար: