Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հովվի վրա չկային բռնության հետքեր, հագուստը նորմալ էր, բանակցում ենք, որ ոչխարներն ամբողջությամբ վերադարձնենք. Տեղ համայնքի ղեկավարը՝ ադրբեջանական կողմից վերադարձված հովվի մասին

Հովվի վրա չկային բռնության հետքեր, հագուստը նորմալ էր, բանակցում ենք, որ ոչխարներն ամբողջությամբ վերադարձնենք. Տեղ համայնքի ղեկավարը՝ ադրբեջանական կողմից վերադարձված հովվի մասին
Հասարակություն
11:54, 14 январь 2022
Տեղ գյուղի հովվի ոչխարներն ամբողջությամբ կվերադարձնենք ադրբեջանական կողմից, խնդիր չկա: Civic.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
 
Նշենք, որ երեկ՝ հունվարի 13-ին, ժամը 16:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանին մոլորված Տեղ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը, որը ոչխարներին արածեցնելիս հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, ռուս խաղաղապահների միջնորդությամբ հանձնվել էր հայկական կողմին, սակայն անասունները դեռևս հակառակորդի կողմում են մնացել։ 

«Երեկ հովվի ոչխարներն արածելիս անցել էին սահմանը, հովիվն էլ հետևներից գնացել էր՝ շփոթել էր տարածքն ու հայտնվել ադրբեջանական կողմում։ Ադրբեջանի զինծառայողները երբ ուզեցել են նրան տանել դիրքեր, հովիվը սկզբում դիմադրել է, նրանք էլ քաշքշել են, բայց թեթև՝ բռնության չի ենթարկվել։ Երբ վերադարձրինք հովվին, բերեցինք համայնքապետարան, ոչ մի խնդիր չուներ, հագուստը նորմալ էր, բռնության հետքեր չկային, ասաց՝ Ադրբեջանի զինծառայողները թեյ ու օղի են տվել»,-պատմեց Տեղ համայնքի ղեկավարը։
Դավիթ Ղուլունցն ընդգծեց, որ հովվի վերադարձի հարցը լուծվել է իր, հայ սահմանապահ զորքերի և ռուս խաղաղապահների միջոցով։ 

Տեղ համայնքի ղեկավարի խոսքով՝ 53-ամյա հովվի ոչխարների քանակը ավելի քան 300 է, և բոլորն էլ պատկանում են հովվին։ 

Դեպքին երեկ անդրադարձել էր նաև ՀՀ ՄԻՊ-ը, սակայն ի տարբերություն Տեղ համայնքի ղեկավարի պատմածի՝ ադրբեջանական կողմում հովվի հայտնվելը, ըստ ՄԻՊ-ի ստացած ահազանգի, եղել էր առևանգում. «Ըստ ահազանգի տվյալների՝ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին: Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150 մ, և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղղությամբ: Խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է»,- գրել էր ՀՀ ՄԻՊ-ը ՖԲ իր էջում: 

Նշենք, որ 44-օրյա պատերազմից՝ տարածքային փոփոխություններից հետո, սա հերթական դեպքն է, երբ հովիվները շփոթում են հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվում հակառակորդի կողմում, ինչպես նաև բազմաթիվ անասուններ, որոնք մինչ այս անցել էին հակառակորդի կողմն արածելու, դեռևս ամբողջությամբ չեն վերադարձվել հայկական կողմին։  

Նարա Մարտիրոսյան