Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Հրանտ Դինքի սպանության տարելիցն է

Այսօր Հրանտ Դինքի սպանության տարելիցն է
Հասարակություն
12:06, 19 январь 2022
Այսօր թուրքահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանության 15-րդ  տարելիցն է: Դինքի սպանությունը տեղի է ունեցել 2007 թվականին  Ստամբուլում՝ «Ագօս» թերթի խմբագրության շենքի դիմաց, 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:

Հրանտ Դինքը «Ագօս»-ի երկլեզու (հայերեն եւ թուրքերեն) շաբաթաթերթի գլխավոր խմբագին էր, որը Թուրքիայում բացահայտ խոսում էր  Հայոց ցեղասպանության մասին: Վաղամեռիկ լրագրողը մշտապես հանդես էր գալիս հայ եւ թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ այդ երկխոսությունը կհանգեցնի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Սպանությունից առաջ նա դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով՝ «թուրք ազգին վիրավորելու համար»։ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի ունեցան  բազմահազարանոց ցույցեր։ 

2021. թ մարտի 26-ին Ստամբուլի 14-րդ բարձր դատարանում հրապարակվել է Հ. Դինքի սպանության գործով դատավճիռը: Դատարանը ոստիկանության նախկին բարձրաստիճան սպաներ Ռամազան Աքյուրեքին և Ալի Ֆուաթ Յըլմազերին դատապարտել է ցմահ ազատազրկման` «մտածված սպանության» հոդվածով: Մեղադրյալ Յըլմազերն առանձին դատապարտվել է նաեւ 4 տարի 6 ամիս ազատազրկման` «պաշտոնական փաստաթուղթը վերացնելու» համար, իսկ մեղադրյալ Աքյուրեքը` 5 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման՝ «պաշտոնական փաստաթուղթը վերացնելու» և 7 տարի 6 ամիս ազատազրկման` «փաստաթղթեր կեղծելու» համար:

Ըստ 4532 էջանոց վճռի՝ Ստամբուլի 14-րդ դատարանը  հայազգի լրագրողի սպանությունը վերագրել է Գյուլենի «Հիզմեթ» շարժմանը՝ մասնավորապես ոստիկանության նախկին բարձրաստիճան սպաներ Ֆարուք Սարըին, Ռամազան Աքյուրեքին եւ Ալի Ֆուաթ Յըլմազերին։

Վերջին երկուսը մեղադրվում են սպանությունը մշակելու եւ շարժման շահերն առաջ տանելու նպատակով հետաքննությանը խոչընդոտելու համար։

Վճռի համաձայն՝ Յըլմազերը կապի մեջ է եղել Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզության նախկին հրամանատար Մուհարրեմ Դեմիրքալեի հետ, որի ենթակաները հետևել են Հրանտ Դինքին մինչ իր սպանության օրը՝ 2007 թվականի հունվարի 19-ը: 

Նշենք նաեւ, որ Գյուլենական շարժման անդամները մեղադրվում են 2016 թվականի հուլիսին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ձախողված հեղաշրջում իրականացնելու համար։ 

Յուրաքանչյուր տարի հունվարի 19-ին հազարավոր մարդիկ են հավաքվում «Ագօս»-ի խմբագրության մոտ՝ հարգելու լրագրողի հիշատակը: