Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս 6 ամսվա ընթացքում բազմաթիվ կենդանիների անկում է գրանցվել, արջերն իրար գզել են. Բողոքի ակցիա կենդանաբանական այգու դիմաց

Այս 6 ամսվա ընթացքում բազմաթիվ կենդանիների անկում է գրանցվել, արջերն իրար գզել են. Բողոքի ակցիա կենդանաբանական այգու դիմաց
Հասարակություն
15:50, 31 январь 2022
Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այժմ այգու դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառն այգու կենդանիների շարունակվող անկումներն են։

Կենդանաբանական այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ դժգոհություններ են ունեցել դեռ այն ժամանակ, երբ այգու տնօրենը Ռուբեն Խաչատրյանն էր։

«Բազմաթիվ բողոքներից, ակցիաներից հետո Ռուբեն Խաչատրյանին հեռացրեցին, որի փոխարեն տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Վլադիմիր Սիմոնյանը։ Նրանից հետո էլ տնօրեն նշանակեցին մասնագիտությամբ տնտեսագետ Արևիկ Մկրտչյանին, որը Ռուբեն Խաչատրյանի շարունակությունն է։ Հիմա կրկնվում են կենդանիների անկումները, կրկնվում է աշխատակիցների մասսայական հեռացումները։ Մեկ ամսվա ընթացքում աշխատակիցների մոտ 20-25 տոկոսը դուրս է եկել աշխատանքից»,-ասաց Անուշ Ռաֆայելյանը։

Վերջինս նշեց, որ այսօր կենդանաբանական այգում աշխատում են ոչ կոմպետենտ մարդիկ։ Անուշ Ռաֆայելյանը նշեց, որ այգու էկոլոգի պաշտոնում նշանակել են մի մարդու, որը մասնագիտական ոչ մի կրթություն չունի, բայց զբաղվում է կենդանիների կերերով։

«Այս վեց ամսվա ընթացքում բազմաթիվ կենդանիների անկում է գրանցվել, որի մասին չի բարձրաձայնվում։ Անկում է ապրել սիբիրյան լուսանը, արջերն իրար գզել են»,-ասաց այգու նախկին աշխատակիցը։