Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնացել էին խաշ ուտելու. մանրամասներ ողբերգության զոհ դարձած ընտանիքից

Գնացել էին խաշ ուտելու. մանրամասներ ողբերգության զոհ դարձած ընտանիքից
Հասարակություն
18:39, 21 февраль 2022
Երեկ Աբովյան-Արզնի խճուղում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 5 անձանցից 4-ը նույն ընտանիքի անդամներ են եղել, մյուսը՝ նրանց մերձավորներից: Զոհվածները եւ միակ փրկվածը՝ ընտանիքի 15-ամյա դուստրը, գտնվել են միեւնույն՝ «ՎԱԶ-21 06» մակնիշի ավտոմեքենայում:

Աղջիկը անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նա միացված է արհեստական շնչառության սարքին:

Չարենցավանի բնակիչներից «Հայկական ժամանակ»-ին պատմեցին, որ Պետրոսյանների ընտանիքը հրավիրված է եղել Աբովյան քաղաք՝ բարեկամներից մեկի տուն. «Իրենց հարսի հարազատներից մեկն է հրավիրած եղել, գնացել էին խաշ ուտելու: Բացի ընտանիքի անդամներից, մեքենայում եղել է նաեւ հարսի քույրը՝ 33-34 տարեկան աղջիկ, որը եւս տեղում մահացել է»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Պետրոսյանները համեստ, հարգված ընտանիք են եղել, ապրել են պապական տանը: Միջին ապրող էին, տան հարսն աշխատել է Չարենցավանի խանութներից մեկում՝ որպես վաճառողուհի, իսկ ամուսինը հարսանիքներ ու արարողություններ է նկարել. «Նպաստ էին ստանում: Եթե չեմ սխալվում, նպաստն էլ հենց կենդանի մնացած ու հոսպիտալացված դստեր համար է. երեխան հաշմանդամություն ունի»:

Ընտանիքի հայրը՝ «ՎԱԶ-21 06»-ի վարորդը, 46 տարեկան էր, նրա կինը՝ 40 տարեկան, որդին՝ 17, իսկ ընտանիքի տատիկը՝ 63: Նրանք բոլորը Չարենցավանում են բնակվել: Իսկ հարսի քույրը 34 տարեկան էր, որ ապրում էր Բյուրեղավանում:

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արզնու խճուղու միջնամասում միմյանց են բախվել հանդիպակաց երթեւեկող BMW X5 եւ «ՎԱԶ 21-061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո BMW X5-ը բախվել էր նաեւ իրեն հանդիպակաց ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենային եւ կանգնել։

BMW X5-ի 28-ամյա վարորդը հարցաքննվել է՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Պարզվել է, որ վերջինս դեպքի պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): BMW X5-ի վարորդը ձերբակալվել է: