Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաոս է սկսվել». Ուկրաինացիների ցույցը Ռուսաստանի դեսպանատան առջև

Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց մի խումբ ուկրաինացիներ ցույց էին կազմակերպել՝ ի նշան բողոքի:

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի լուսադեմին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին: Ուկրաինայում կատարվող իրադարձությունների թարմացվող լրահոսին կարող եք հետևել այստեղ:

Քաղաքացիներից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այս պահին անհանգիստ է, մեծ խցանումներ կան. «Մարդիկ խուճապի մեջ են, փորձում են դուրս գալ, հրետակոծությունը լսվում է: Վաղ առավոտյան շատերը արթնացել են պայթյունի ձայներից»:

Նա նշեց, որ Ուկրաինայի իշխանությունները հորդորում են բնակիչներին խուճապի չմատնվել. «Մենք 100 տոկոսով վստահ չենք կարող լինել, որ Արևմուտքը կօգնի։ Իրենք պետք է որոշում կայացնեն՝ օգնելո՞ւ են, թե՞ ոչ, բայց ուկրաինացիները հույս ունեն, որովհետև հնարավոր է, որ մենք նրանց օգնության կարիքը կունենանք»: 

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ անընդհատ խոսում է Ուկրաինայում գտնվող իր հարազատների հետ, իրավիճակը ծանր է. «Բանկոմատների առաջ հերթեր են, խանութներում հերթեր են, մարդիկ խանութները դատարկում են: Այսինքն՝ երևի, թե խուճապ տարածելու առաջադրանք կար, և ստացվել է: Բոլորը խուճապի մեջ են, ոմանք փորձում են տեղափոխվել, հեռանալ: Քաոս է սկսվել»: Video Player