Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զապարոժիեյում տագնապի ազդանշաններ են միացվել․ Հայ համայնքի ներկայացուցիչները ապաստանում են եկեղեցու եւ կիրակնօրյա դպրոցի նկուղներում

Զապարոժիեյում տագնապի ազդանշաններ են միացվել․ Հայ համայնքի ներկայացուցիչները ապաստանում են եկեղեցու եւ կիրակնօրյա դպրոցի նկուղներում
Հասարակություն
12:27, 01 март 2022
«Քիչ առաջ տագնապի ազդանշան էր միացվել, նշանակում է՝ ինչ-որ գործողություններ են սպասվում»,- Civic.am-ին քիչ առաջ հայտնեց  Ուկրաինայի Զապարոժիեի մարզի հոգեւոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը։ «Մենք եկեղեցու նկուղում ենք ապաստանել։ Երբ տագնապը դադարում է, մարդիկ վերադառնում են իրենց բնակարաններ կամ իրենց գործին են գնում, հետ նորից հետ են գալիս»,-ասաց քահանան։  Նրա խոսքով՝ երկու նկուղ-ապաստարան ունեն՝ մեկը եկեղեցու ներքեւում է, մյուսը՝ կիրակնօրյա դպրոցի նկուղում։

«Ընդհանուր եթե հաշվենք՝ նստած դիրքում, մոտ 50 հոգի կարող են տեղավորել ապաստարանում։ Իսկ եթե ավելի շատ մարդկանց տեղավորելու խնդիր առաջանա, ապա կանգնած դիրքում շուրջ 100 հոգի կտեղավորվենք»,-հայտնեց մեր զրուցակիցը։ Հարցին՝ ապաստանողներին սննդամթերքով ո՞վ է ապահովում՝ եկեղեցի՞ն, թե՞ մարդիկ իրենց հետ են բերում իրենց պահուստները՝ հոգեւոր հովիվն արձագանքեց․ «Առայժմ դրա կարիք չի եղել, որ ինչ-որ մեկն իր հետ բան բերի կամ սպասենք ինչ-որ օգնության։ Փառք Աստծո, ամեն բան առայժմ նորմալ է։ Հայերից տարբեր մարդիկ տարբեր բաներով  օգտակար են լինում, սնունդ են բերում»։ Քահանան հույս հայտնեց, որ  Ուկրաինա-ՌԴ բանակցությունների երկրորդ փորձը արդյունք կունենա՝ կբերի կրակի դադարեցման։ «Պարզ ժողովրդի ակնկալիքը սա է՝ կրակի դադարեցում, որից հետո թող նստեն կլոր սեղանի շուրջ, զրուցեն, պարզեն՝ ով ինչ է ուզում, համաձայնության գան»։  

Քահանան հայտնեց նաեւ, որ այսօր ժամը 12-ին հայ համայնքի կողմից հաց է բաժանվելու կարիքավոր ընտանիքներին։  «500-ից ավելի հաց պիտի բաժանենք։ Համապատասխան հայտարարություն արդեն հրապարակել ենք, ովքեր դրա կարիքն ունեն՝ խնդրեմ, կարող են գալ ու վերցնել»։      

Հեղինե Մանուկյան