Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում մարդիկ կան՝ բնակվում են նկուղներում, որտեղ սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. ԱՀ ՄԻՊ

Արցախում մարդիկ կան՝ բնակվում են նկուղներում, որտեղ սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. ԱՀ ՄԻՊ
Հասարակություն
15:54, 09 сентябрь 2021
Տեղահանված բնակչությունը հիմնականում հաստատվել է Ստեփանակերտում, որտեղ բնակչության աճը 13-15000-ով աճել է։  Սրանով պայմանավորված՝ սրվել է նաև բնակարանային ապահովության հարցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

Նրա խոսքով՝ պատերազմից առաջ էլ Ստեփանակերտում բնակարանային ֆոնդի լուրջ սակավություն կար, հիմա, բնականաբար, այս խնդիրն ավելի խիստ է արտահայտվում։ 

«Մարդկանց մի մասը տեղավորված է հյուրանոցներում, մի մասը՝ հանրակացարաններում։
Մարդիկ կան՝ բնակվում են քիչ թե շատ կարգի բերված նկուղներում, որտեղ սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն»,- ասաց պարոն Ստեփանյանը՝ հավելելով, որ անվտանգության հետ մեկտեղ սա թիվ մեկ խնդիրն է արցախցիների համար։ 

Հարցին՝ հացի, պարենի խնդիր կա՞ Արցախում, նա նշեց՝ ոչ. «Այս ուղղությամբ մինչ օրս խնդիր արձանագրված չէ, Արցախում հացի խնդիր չկա։ Մենք ունենք ցամաքային կապ ՀՀ-ի հետ, և նման խնդիրները լուծելի են՝ ՀՀ-ի միջոցով։ Որևէ խնդիր առնվազն ես չեմ ստացել։ Եթե լինի, կբարձրաձայնենք և անպայման միջոցներ կձեռնարկենք»։

Ստեփանյանի խոսքով՝ Արցախը 60 տոկոսով  կորցրել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, որոնք հիմնականում օգտագործվում էին հենց հացահատիկային մշակաբույսերի մշակման համար։ Սա իր հետ բերել է նաև աշխատանքի իրավունքի հետ կապված խնդիրներ. մարդիկ, որոնք իրենց աշխատանքի միջոցով էին ապահովում իրենց ապրուստն այդ տարածքներում, այսօր զրկված են այդ իրավունքից, քանի որ չեն կարող զբաղվել գյուղատնտեսությամբ։