Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտի բնակչության 20 տոկոսն ու Արցախի համայնքների գրեթե 80 տոկոսը զրկված են ջրից. ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյան

Ստեփանակերտի  բնակչության 20 տոկոսն ու Արցախի համայնքների գրեթե 80 տոկոսը զրկված են ջրից. ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյան
Հասարակություն
15:12, 09 сентябрь 2021
Արցախում ջրի հարցը խիստ է արտահայտված։ Ստեփանակերտի պարագայում բնակչության 20 տոկոսն է զրկված ջրից,  համայնքների մեծամասնությունում՝ գրեթե 80 տոկոսը, և կան համայնքներ, որտեղ ջրամատակարարումը ռեժիմով է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
 
Նրա խոսքով՝ այս խնդիրն, ըստ արված ուսումնասիրությունների, ունի 3 հիմնական գործոն. առաջինը եղանակային տաք պայմաններն են ու ջրային ռեսուրսների սակավությունը, երկրորդը՝ Ստեփանակերտի դեպքում, բնակչության աճն է՝ 13000-15000 բնակչով. «Տեղահանված մարդիկ, ովքեր ստիպված թողել են իրենց բնակավայրերը Հադրութի, Շուշիի, Ասկերանի բռնազավթված տարածքներից ու բնակություն են հաստատել Ստեփանակերտում»։ Երրորդ գործոնն այն է, որ համայնքների դեպքում որոշ ջրային ավազաններ մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ, և հնարավորություն չկա օգտագործելու այդ ջրային ռեսուրսները։
 
ԱՀ ՄԻՊ-ի խոսքով՝ Արցախի մի շարք բնակավայրեր բջջային կապից և համացանցից էլ են զրկված, դրանք աշխատում են խափանումով. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից» ու «Ղարաբաղ Տելեկոմ»-ից ստացված պարզաբանումները վկայում են այն մասին, որ ադրբեջանական կողմը հատուկ տեխնիկական միջոցներով խլացնում է Արցախի տարածքում բջջային կապի և համացանցի սփռումը»։
 
Նա նշեց, որ այս երևույթը նախկինում ևս կար, բայց պարբերաբար. այն ժամանակ միայն, երբ, օրինակ, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնատար անձինք էին այցելում Շուշի կամ Արցախի բռնազավթված այլ տարածքներ, սակայն արդեն մեկ ամիս է՝ դա համատարած է։
 
«Տեխնիկական հզորությունների մեծացման անհրաժեշտություն կա։ Նաև խնդրի վերաբերյալ տեղեկացվել են ռուսական խաղաղապահ զորքերը, և նրանց միջամտությամբ երևի թե հնարավոր լինի հաղթահարել խնդիրը»,- ասաց պարոն Ստեփանյանը։
 
Նա նշեց, որ Ստեփանակերտում հաճախակի հոսանքազրկումներ են լինում, և դա շատ լուրջ անվտանգային խնդիրներ կարող է առաջացնել. «Արցախը մեծամասամբ սնուցվում է Սարսանգի ջրամբարին կից կառուցված ՀԷԿ-ից, որի հզորությունը չի բավականացնելու Արցախի ամբողջ տարածքը հոսանքով ապահովելու համար։ Եթե որևէ հստակ քայլեր այս առումով չձեռնարկվեն՝ էներգետիկ ապահովման համար, ապա գալիք տարվա աշնանը շատ լուրջ խնդիրների ենք բախվելու»։
 
Պարոն Ստեփանյանը նշեց, որ այս մասին տեղյակ է կառավարությունը, որը  էներգետիկ բնագավառում զբաղվում է տարբեր նոր ներդրումների ներգրավմամբ և նոր ծրագրերի իրականացմամբ։