Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտ քաղաքի 30 տոկոսը մոտ մեկ ամիս է ջրազրկված է, «Ջրմուղ-կոյուղի»-ն խնդրի լուծման համար սպասում է անձրևներին

Ստեփանակերտ քաղաքի 30 տոկոսը մոտ մեկ ամիս է ջրազրկված է, «Ջրմուղ-կոյուղի»-ն խնդրի լուծման համար սպասում է անձրևներին
Հասարակություն
18:05, 24 август 2021
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչության մի մասը մոտ մեկ ամիս է՝ խմելու ջուր չունեն, քաղաքում և շրջաններում նաև հոսանքի խնդիր կա։

Civic.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Մոսիյանը տեղեկացրեց, որ օգոստոսի սկզբից սկսած Ստեփանակերտ քաղաքի մի մասը ամբողջությամբ ջրազրկված է, իսկ շրջաններում ներկայումս էլեկտրաէներգիայի խնդիր կա՝ հոսանքը թույլ է։ 

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն էլ անդրադառնալով հոսանքազրկումներին՝ նշեց, որ էլեկտրաէներգիայի խափանումները կարճատև բնույթ են կրել՝ մասնավորապես Ստեփանակերտում մոտ 1,5 ժամ տևողությամբ են եղել հոսանքազրկումները․ «Պատերազմից հետո էլեկտրաէներգիայի վերականգնման խնդիր ունենք։ Հիմա նախապատրասատական աշխատանքներ են ընթանում, ենթակայանը անջատվում է այդ ընթացքում ընդհանուր հոսանքազրկումներ են լինում, բայց էներգետիկները շատ շուտ վերականգնում են»։ 
 
Մեզ հետ զրույցում Արցախի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ Ստեփանակերտում ջրի խնդիրն առաջացել է դեռևս օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը․ «Պատերազմից հետո մեր ջրային պաշարները զգալիորեն նվազում էին, քանի որ Ստեփանակերտում 15 հազար տարհանված մարդ է ավելացել, ջրային ռեսուրսը նվազել է նաև վերջին 45 օրվա շոգ եղանակներով պայմանավորված։ Այս գործոններով պայմանավորված Ստեփանակերտ քաղաքի 40-45 տոկոսը ջրազրկվել էր։ 10-ն օր աշխատելուց հետո այդ 45 տոկոսի 15 տոկոսը վերականգնել ենք։ Այս պահի դրությամբ Ստեփանակերտ քաղաքի 30 տոկոսն է ջրազրկված»։ 

Ստեփանակերտի ջուր չունեցող բնակչության համար «Ջմուղ-կոյուղի»-ն ջրազրկված գոտում՝ շենքերի և սեփական թաղամասերի արանքում տեղադրել է 25 հատ՝ 3 և 5 տոննա տարողությամբ պոլիէթիլենային բակեր․ «Շուրջօրյա ջուր ենք լցնում, որ ժողովուրդը ջուր ունենա։ Հիմա ջրազրկված 30 տոկսը վերականգնելու ուղղությամբ այս պահի դրությամբ աշխատանքներ չեն կատարվում, որովհետև հրատապ որևէ բան չենք կարող անել՝ սպասում ենք անձրևին, որ գետերը ավարարեն»։  

«Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը հիշատակեց, որ Ստեփանակերտ քաղաքը սնուցվում է 3 վերգետնյա գետերի միջոցով, որոնք են Մեղրագետը, Տրագետը և Վարարակն գետը․ «Տրագետը լրիվ չորացել է, իսկ Մեղրագետի ջուրը, որը նախկինում գալիս էր 25-30 լիտր վայրկյան ջուր, այս պահին գալիս է 10 լիտր՝ վայրկյան ջուր։ Վարարակն գետը  95-105-110 լիտր վայրկյան ջուր էր գալիս, իսկ այս պահին տալիս է 32 լիտր վայրկյան ջուր։ Բացի դրանից օգտագործում ենք 2 հատ աղբյուրակապ ու 17 հատ արտիզան պոմպ, որից 3-ը չէր աշխատում։ Երեք նոր արտիզան ենք ավելացրել, որ վերականգնենք քաղաքի ջրազրկված 45 տոկսի 15 տոկոս ջրամատակարարումը»։ 

Գագիկ Պողոսյանը նշեց նաև, որ հունիսի սկզբին Ստեփանակերտ քաղաքի շրջօրյա ջրամատակարարումն ապահովում էին 291 լիտր վայրկյան ջրով, իսկ այս պահի դրությամբ քաղաք մտնում է 155 լիտր վայրկյան ջուր։ Բայց այս պահին Ստեփանակերտ քաղաքի 70 տոկոսն ապահովված է շուրջօրյա ջրով։

Հարցին՝ հնարավոր չէ՞ ամբողջ քաղաքն ապահովել ջրով, բայց ոչ շքւրջօրյա՝ տնօրենն ընդգծեց, որ ցանցը կառուցված է շքւրջօրյա ջրամատակարարման համար ու Ստեփանակերտ քաղաքի ռելիեֆն այնպիսինն է, որ փոփոխության հնարավորություն չի տալիս․ «Այսինքն, եթե ցանցի մի մասը փակում ենք, որ ջուրն անցնի մյուս մաս՝ առաջին հերթին ջրի ցիրկուլյացիան է խախտվում, երկրորդն էլ օդ է մտնում համակարգ՝ ջուրը մնում է համակարգի մեջ և ոչ մեկը չի կարողանում օգտվել»։   

Նարա Մարտիրոսյան