Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատերազմից հետո անասուններին արածացնելու շատ քիչ տեղ է մնացել, հայկական արոտավայրերը սեփականաշնորհված են»․ Ներքին Խնձորեսկի բնակչուհին բիզնես է սկսել

«Պատերազմից հետո անասուններին արածացնելու շատ քիչ տեղ է մնացել, հայկական արոտավայրերը սեփականաշնորհված են»․ Ներքին Խնձորեսկի բնակչուհին բիզնես է սկսել
Հասարակություն
19:12, 08 июль 2021
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի բնակչուհի Հերմինե Դիլանչյանի տան առաջին հարկը 44-օրյա պատերազմի օրերին դարձել էր շտաբ, իսկ մոտ ապագայում այդ տարածքը կօգտագործվի որպես հացի և խմորեղենի արտադրամաս։ Արտադրամաս բացելու նպատակը նոր աշխատատեղեր ստեղծելն է պատերազմի հետևանքով այնտեղ տեղափոխված արցախցիների համար։

Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը Civic.am-ին տեղեկացրեց, որ Ներքին Խնձորեսկում արցախցի 4 ընտանիք կա, որոնք տեղափոխվել և հաստատվել են գյուղում պատերազմի ժամանակ։ Իսկ Ներքին Խնձորեսկի բնակչուհի Հերմինե Դիլանչյանն էլ ընդգծեց, որ եկամուտ հայթայթելու խնդիրն առկա է, ոչ միայն տեղափոխված արցախցիների մոտ, այլ Ներքին Խնձորեսկի մշատական բնակիչների մոտ․ «Մենք արդեն պետք է մտածենք անասնապահության ու դաշտավարության ոլորտից դուրս գանք։ Գյուղում հիմնական աշխատավայրը դպրոցն է, որտեղ ընդամենը մի քանի հոգի են աշխատում, ապրելու այլ միջոց չկա։ Երբ կորցրեցինք Կուբաթլուի շրջանը (Արցախի Քաշաթաղի շրջանի մի մասը), գյուղի բնակիչները կանգնեցին բարդ իրավիճակի առաջ, որովհետև կորցրեցինք նաև արոտավայրերը։ Մեր արոտավայրերը ազատագրված տարածքում էին։ Այն ժամանակ գյուղացիները Կուբաթլուի դաշտերը մշակում էին՝ ցորեն, գարի, հաճար էին ցանում, հարկեր էին վճարում։ Հիմա արածացման խնդիր կա, անասունները վաճառել էլ չեն կարողանում՝ շատ էժան են ուզում, համատարած մորթ էլ չեն կարող իրականացնել»,-մեզ հետ զրույցում պատմեց Ներքին Խնձորեսկի բնակչուհին։ 

Հերմինե Դիլանչյանի խոսքով՝ գյուղում բնակիչներ կան, որոնք 300 ոչխար ունեն և հիմա չեն կարողանում պահել։ Ասում է՝ անասունները սովոր են, հենց իրենց բաց են թողնում՝ գնում են ներքև՝ դեպի Կուբաթլու․ «Մյուս կողմում Խնձորեսկի սեփականաշնորհված հողերն են։

Անասուններին արածացնելու համար շատ քիչ տեղ է մնացել։ Անցած տարի խոտը պահեստավորել էին և այս ձմեռ անասնակերի խնդիր չեղավ, գարունը հենց բացվեց՝ արդեն խնդիրն առաջացավ»։ 

Ներքին Խնձորեսկը նախքան պատերազմը մոտ 150 կմ հեռավորություն է ունեցել Ադրբեջանից, իսկ հիմա Ադրբեջանի սահմանից ընդամենը 500 մետր է հեռու․ «Գյուղից տեսանելի են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը»,- նկարագրեց Հերմինե Դիլանչյանը։ 

Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը ևս հաստատեց, որ պատերազմից հետո անասնակերի հայթայթման խնդիր առաջացավ, քանի որ եղած տարածքը շատ քիչ է անասունների գլխաքանակի համար։ Թե ինչպես պետք է լուծվի խնդիրը՝ այդ հարցերի պատասխանները չունի վարչական ղեկավարը, բայց նշեց, որ այն տարածքները, որոնք սեփականաշնորհված են և գյուղացիներն անասուններին չեն կարող տանել՝ Խնձորեսկում բնակվող տարբեր մարդկանց են պատկանում․ «Շատերը ծախել են անասունները, շատերը պատրաստվում են ծախել»։  

30-ից ավելի ընտանիք է բնակվում Ներքին Խնձորեսկում դրան գումարած նաև արցախցի 4 ընտանիքը։ Հացի ու խմորեղենի արտադրամասը մոտ տասը օրից կբացվի և կունենա մոտ 7 աշխատող, որից 5-ն արցախցի են։ Հերմինե Դիլանչյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրամի և Մերձավոր Արեւելքի հիմնադրամի (NEF) միջոցներով։ 

Ներքին Խնձորեսկի բնակչուհին մեկ այլ գաղափար էլ ունի՝ գյուղում թռչնաբուծարան բացի, որպեսզի խմորեղենի ձուն հենց ներսից լինի, այլ ոչ թե դրսից գնեն։ 

Նարա Մարտիրոսյան