Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված համայնքների ցանկը կվերանայվի

Սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված համայնքների ցանկը կվերանայվի
Հասարակություն
13:46, 17 февраль 2021
Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք ընդգրկվել է ՀՀ սահմանամերձ համայնքներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրում: Ցանկում չեն ներառվել Սյունիքի մի շարք համայնքներ, ինչը դժգոհության առիթ է դարձել: Մասնավորապես, դժգոհություններ են առաջացել Խնձորեսկի, Քարահունջի հետ կապված, որոնք ծրագրում չեն ընդգրկվել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, թե ինչ չափանիշներով են համայնքներն ընդգրկել սոցիալական աջակցության ծրագրերում:

«Համայնքներն ընտրվում են համապատասխան մեթոդաբանությամբ, չափումները կատարվում են համայնքից մինչև համայնքի վերջին բնակելի տունն ընկած տարածքի համար: Կոնկրետ նշված համայնքները՝ Խնձորեսկի, Քարահունջի դեպքում այդ տարածությունն ավելին է, քան սահմանված տարածությունը: Թեպետ, ահազանգերից հասկացանք, որ գյուղական բնակավայրերում կան գյուղական նշանակության հողատարածքներ, որոնք շատ ավելի մոտ են սահմանին: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար բավական ռիսկային է: Հետևաբար, մենք քննարկում ենք սահմանամերձ համայնքների ցանկն ընդլայնելու տաբերակը»,- ասաց Դավիթ Խաչատրյանը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, այդ ցանկում կընդգրկվեն ոչ միայն Խնձորեսկն ու Քարահունջը, այլև Ակներ և Վերին շեն համայնքները: Նա վստահեցրեց, որ օրերի ընթացքում ցանկը կճշգրտվի և փոփոխություն կկատարվի կառավարության որոշման մեջ: