Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղամոլության խնդրի մեջ մեծ դեր ունի անվերահսկելի գովազդը՝ դա է պետք սահմանափակել․ Կենտրոն դիմած անձինք հիմնականում երիտասարդներ են․ ԱՆ կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն

Խաղամոլության խնդրի մեջ մեծ դեր ունի անվերահսկելի գովազդը՝ դա է պետք սահմանափակել․ Կենտրոն դիմած անձինք հիմնականում երիտասարդներ են․ ԱՆ կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն
Հասարակություն
14:40, 04 апрель 2022
Կառավարությունը վերջին շրջանում ներկայացրել է նախագծեր, որոնցով առաջարկվում է սահմանափակել կանխիկ եղանակով և վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների  կատարումը, իսկ 6 ամիս հետո նաև նախատեսվում է սահմանափակել էլեկտրոնային դրամապանակների միջոցով օգտահաշիվների լիցքավորումը, նաև սահմանափակումներ են նախատեսվում օգտահաշիվների հետ կապված։ Նախագծերի քննարկման շրջանում հնչել է մի թիվ, որ 2021թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել։ Այսօր «Արմենպրեսս» լրատվական գործակալությունը ասուլիս էր կազմակերպել խաղամոլության խնդրի, դրա դեմ պայքարի ու բուժման հնարավորությունների թեմայով։

Առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը նշեց, որ ամբողջ աշխարհում գրեթե 500 մլրդ դոլար շրջանառվում է խաղերի ինդուստրիայում, բայց դա պատկերացում չի տալիս կոնկրետ խաղամոլության պաթոլոգիկ հակման մասին․ «Պաթոլոգիկ հակումը նա է, երբ անձը մեկ տարվա ընթացքում հաճախակի տրվում է խաղերին, նեղանում են սոցիալական կապերը՝ շփումները, և օրվա ընթացքում խաղերի նկատմամբ ֆանտազիաները դոմինանտ են դառնում»,-ասաց նա ու ընդգծեց, որ ՀՀ-ում պաթոլոգիկ հակման տվյալներ չունենք, իսկ Եվրոպական տարածաշրջանում խաղամոլության պաթոլոգիկ հակումը 03-4 տոկոս է․ «Հայաստանում բժշկին դիմելիությունը բավականին քիչ է։ Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում է նկատվում դիմելիության աճ։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բացման օրվանից՝ 2020թ-ից, մինչ օրս դիմել է 25 անձ բայց հիմնականում դիմում են հարազատները։ Կենտրոն դիմած անձինք հիմնականում երիտասարդներ են»։ 

Գևորգ Փաշիկյանը շեշտեց, որ բուժման համար ամենակարևորն այն է, որ անձը գիտակցի իր խնդիրը՝ հակումը, իսկ բուժումը կարող է լինել և դեղորայքային, և առանց դեղորայքի, ինչպես նաև հոգեբանական աշխատանքներ են տարվում նման պացիենտների հետ․ «Պաթոլոգիկ հակում դիտվում է նաև այն անձանց մոտ ում ծնողները շատ հաճախ խաղացել են, նաև սոցիալական գործոնը դեր ունի՝ անձինք հիմնականում մտնում են խաղալու՝ գումար վաստակելու համար՝ չպատկերացնելով, որ այդ խաղերն արված են նրա համար, որ հենց տվյալ ընկերությունները փող աշխատեն»։ 

Առողջապահության նախարարության կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն էլ ասաց, որ խաղամոլության խնդրի մեջ մեծ դեր ունի անվերահսկելի գովազդը և առաջինը հենց դա է պետք սահմանափակել․ «Օրինակ, երբ անձը պատկերացում չունենալով որևէ բուքմեյքերական ընկերության մասին՝ կայքերում հանդիպող գովազդի վրա սեղմելով հայտնվում է այնտեղ։ Ես գիտեմ մարդիկ, որոնք նույնիսկ տներ են վաճառում խաղալու համար»։   

Սուրեն Նազինյանը նշեց նաև, որ վերջին 4-5 ամսվա մեջ 2 դեպք է եղել, երբ 2 քաղաքացիներ դիմել են Կենտրոն իրենց հետազոտության արդյունքի հիմքով տեղեկանք վերցնելու համար՝ խաղերի նկատմամբ պաթոլոգիկ հակում ախտորոշմամբ․ «Այս տեղեկանքները վերցնելու նպատակը եղել է նա, որ ներկայացնեն բուքմեյքերական գրասենյակներ և արգելափակվի իրենց օգտահաշիվները ու իրենք չկարողանան խաղան»։