Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փողոցային երաժշտությունը, այդ թվում՝ «դըխկըլը-ցըխկըլը» ոճի, կկարգավորվի օրենքով. Կառավարությունը նոր նախագիծ է մշակել

Փողոցային երաժշտությունը, այդ թվում՝  «դըխկըլը-ցըխկըլը» ոճի, կկարգավորվի օրենքով. Կառավարությունը նոր նախագիծ է մշակել
Հասարակություն
18:49, 07 апрель 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, որով պետք է կանոնակարգվեն փողոցային ստեղածգործական ելույթները։ Նախագծով աաջարկվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարել և  Երևան քաղաքի հանրային վայրերում և բացօթյա տարածքներում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) ստեղծագործություններ (երաժշտական, գրական, պարային և այլն) կատարող անհատների կամ խմբերի կողմից իրականացվող գործունեությունը (այսուհետ՝ նաև փողոցային ստեղծագործական ելույթ) կանոնակարգել։  Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ անհատի կողմից ստեղծագործական գործունեության իրավունքը կարող է իրականանալ և՛ մասնագիտորեն, և՛ ոչ մասնագիտորեն (սիրողաբար), և  հետևապես հանրային վայրերում (բացօթյա տարածքներում) իրականացվող ստեղծագործական գործունեությունը  կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիների: 

Նշված խնդիրը չի կանոնակարգվում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներով, այլ իրավական ակտերով:  «Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որևէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել Երևան քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ 

Սույն նախագծով նախատեսված դրույթների ընդունմամբ՝ Երևան քաղաքում փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն Երևան քաղաքի ավագանուն, որը կսահմանի Երևան քաղաքում փողոցային ստեղծագործական ելույթների թույլտվության տրամադրման կարգը: 

Հիշեցնենք, որ  Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ (փետրվարի 28-ին) անդրադարձավ փողոցային երաժշտության չկանոնակարգված լինելու խնդրին՝ մասնավորապես նշելով. «Ինչի մասին որ պետք է խոսեմ, էլի տարիներով քննարկվում է, բայց ոչինչ չի արվում՝ երաժշտությունը։ Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակի մոտ, ընդեղ դըխկըլը-ցըխկըլը, ինչ-որ տարբեր բաներ են դնում: Նորմալ երկրներում, որ մենք միշտ օրինակ ենք բերում՝ ո՞նց է կարգավորվում այդ երաժշտությունը: Ենթադրում եմ՝ պետք է ինչ-որ ցանկ լինի, որը հաստատվի քաղաքային իշխանությունների կողմից»։ 

Քաղաապետը նշել էր, որ հիշյալ ցանկը պետք է հաստատվի համայնքի ղեկավարի կողմից, և հավելել, որ  հաջորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ իրեն ներկայացնեն նման առաջարկ՝ ինչպես  կարգավորել փողոցային երաժշտությունը: