Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե ցանկանում ես ունենալ նմանատիպ քո նկարը, արի՛ Ծիծեռնակաբերդ»․ ՀՅԴ-ն ֆոտոսեսիայի է հրավիրում․ մասնակիցներից է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանը

«Եթե ցանկանում ես ունենալ նմանատիպ քո նկարը, արի՛ Ծիծեռնակաբերդ»․ ՀՅԴ-ն ֆոտոսեսիայի է հրավիրում․ մասնակիցներից է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանը
Հասարակություն
13:03, 19 апрель 2022
ՀՅԴ-ն որոշել է ամենամյա ջահերով երթն այս տարի նշանավորել 1915 թվականի եղեռնի զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում, ֆոտոսեսիա իրականացնելով, որի ժամանակ ցանկացողներն իրենց ձեռքը կառնեն վառվող  ջահն ու կլուսանկարվեն հուշահամալիրի ֆոնին։ 

 «Ջահերով երթ» ֆեյսբուքյան էջը, որը  կառավարվում է ՀՅԴ-ի կողմից, ֆոտոսեսիայի մասին հայտարարություն է զետեղել, որում  ասված է. «Եթե ցանկանում ես ունենալ նմանատիպ քո նկարը, ապրիլի 19-ին՝ ժամը 18։00- 21։00-ը, արի՛ Ծիծեռնակաբերդ»։ Հայտարարությանը կցված են հուշահամալիրի ֆոնին արդեն իսկ իրենց անմահացրած ՀՅԴ-ական երիտասարդների լուսանկարները, անմահացածների շարքում է նաև  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։ 

Ֆոտոսեսիայի հրավերքին արձագանքած  օգտատերերից մեկը ահա թե ինչ է գրել. «Նկարները սիրուն են, իհարկե, բայց Ծիծեռնակաբերդ գալիս են հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերին, այլ ոչ թե ֆոտոսեսիայի համար... Դա նույնն է, ինչ նկարվես բազմաչարչար դիակի կողքին... Կներեք, եթե կարծիքս կոպիտ արտահայտեցի, հավատացած եմ, որ Ձեր գործի լավ մասնագետ եք, բայց սա այն տեղը չի պարզապես...»։   

ՀՅԴ-ն, փաստորեն, չի խորշում անգամ Ցեղասպանության զոհերի համալիրը օգտագործել իր քաղաքական PR-ի համար, ավելին, ավանդական ջահերով երթը, որը հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող միջոցառում է,  այս տարի որոշել են օգտագործել ներքաղաքական պայքարի նպատակով՝ մարդկանց  «կուլտուրական ձևով» հավաքագրելով։ 

Նույն՝ «Ջահերով երթ» էջում մեկ այլ հայտարարություն է զետեղված, որում ասվում է. «Այս տարի դու հնարավորություն ունես միանալու համազգային պայքարին որպես ջահակիր։ Լրացրու հայտադիմումը (համապատասխան հղում է զետեղված-խմբ.) և հասցրու արդարության վերականգնման համար մղվող պայքարի խորհրդանիշ ջահը Ծիծեռնակաբերդ։ Հայտադիմում ասվածը  էլեկտրոնային բլանկ է, որտեղ հայտատուն պետք է լրացնի  անձնական տվյալները, էլեկտրոնային հասցեն,  կոնտակտային  տվյալները։  

Նշենք, որ  ջահերով երթը  սկսվելու է Հանրապետության հրապարակից և ավարտվելու է Ծիծեռնակաբերդում։ Լուրեր կան, որ Ծիծեռնակաբերդից հետո ՀՅԴ-ական ջահակիրները մտնելու են Ազատության հրապարակ՝ հաջակցություն այդտեղ Հարության տոնի օրով նստացույց սկսած  ԱԱԾ նախկին տնօրեն  և ներկայիս պատգամավոր Արթուր Վանեցյանի։ 

Մի նկատառում էլ. ջահերով երթն այս տարի անցկացվում է ժողովրդական հայտնի երգից վերցված  կոչով՝ «զարթիր լաո»։  Դաշնակցական կազմակերպիչները, սակայն, տառասխալով են մեջբերել կոչը՝ «զարթիր»-ը դարձնելով «զարթնիր»։  

Ի դեպ, «զարթելու» կոչով ուրիշներին դիմող ՀՅԴ-ն ինքը  զարթելու և  «Մշո դաշտերից» վերջապես  ադեկվատության դաշտ վերադառնալու խիստ կարիք ունի։

 Հեղինե Մանուկյան