Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զորամասում գազի բալոնի պայթյունից այրվածքներ ստացած զինվորի վիճակը շարունակում է մնալ ծանր, այրվել է մարմնի մակերեսի 55 տոկոսը, նրա կյանքին դեռ վտանգ է սպառնում

Զորամասում գազի բալոնի պայթյունից այրվածքներ ստացած զինվորի վիճակը շարունակում է մնալ ծանր, այրվել է մարմնի մակերեսի 55 տոկոսը, նրա կյանքին դեռ վտանգ է սպառնում
Հասարակություն
16:45, 26 август 2022
Երեկ Վայոց ձորի զորամասերից մեկում կենցաղային գազի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած 39-ամյա պայմանագրային զինծառայող Արմեն Միրոյանի առողջական վիճակում այս պահի դրությամբ փոփոխություն չկա, շարունակում է մնալ ծանր։ Այս մասին Civic.am-ին փոխանցեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, ՊՆ խոսնակն ասաց. «Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն»:  

Այրվածքաբանական ազգային կենտրոնից մեզ փոխանցեցին, որ զինծառայողը գտնվում է վերականեդանացման բաժանմունքում, 55 տոկոս այրվածքյաին մակերեսով, այդ թվում՝ վերին շնչուղիների, ընդհանուր 2-րդ, 3-րդ աստիճանի ծանր այրվածքային շոկ սկզբնական ախտորոշումով։ «Քանի որ երեկ առավոտյան է զինվորը տեղափոխվել մեզ մոտ վիճակի դրական տեղաշարժի մասին կարող ենք խոսել վաղը, երբ առաջին փուլից հետո սկսվող թունավորման փուլը հաղթահարի։ Այժմ զինծառայողի կյանքին վտանգ սպառնում է»,- ասացին Այրվածքաբանական կենտրոնից՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ դինամիկա կա զինծառայողի առողջական վիճակում։

Նշենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ օգոստոսի 25-ին Վայոց ձորի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող, սերժանտ Արմեն Միրոյանը մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է լուրջ այրվածքներ: Վիճակը գնահատվում է ծանր։ 

Թամարա Ղազարյան