Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամկետային զինծառայողը այրվածքներ ստացել է դիրքում, վառարանից պայուսակն է բռնկվել, հետո էլ կրակի բոցը վնասել է իրեն՝ այրելով մարմնի մոտ 70 տոկոսը

Ժամկետային զինծառայողը այրվածքներ ստացել է դիրքում, վառարանից պայուսակն է բռնկվել, հետո էլ կրակի բոցը վնասել է իրեն՝ այրելով մարմնի մոտ 70 տոկոսը
Հայաստան
17:55, 25 июль 2022
Հուլիսի 17-ին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը ընդունվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ 3-րդ կարգի այրվածքով, մինչ օրս վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից։

 Ըստ մեզ տրամադրած տեղեկատվության՝ զինծառայողը մարմնի մոտ 70 տոկոսի այրվածք է ստացել, կրակի բոցը վնասել է դեմքը, պարանոցը, վերին, ու ստորին վերջույթները, իրանն ու շնչուղիները։ 
 
«Իրենց ասելով՝ պարտադիր ժամկետային զինծառայողը եղել է դիրքերում՝ վառարանից պայուսակն է բռնկվել, որից հետո էլ կրակի բոցը վնասել է իրեն»,- փոխանցեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից։ 

Նշենք, որ ՊՆ-ն քիչ առաջ հայտարարություն տարածեց, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը․ «Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով' զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»,-հայտնել էին ՊՆ-ից: