Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հրապարակը» հերքել է հերթական սուտը. Մարիամ Փաշինյանը չի մասնակցել հարսանիքի Դուբայում

«Հրապարակը» հերքել է հերթական սուտը. Մարիամ Փաշինյանը չի մասնակցել հարսանիքի Դուբայում
Հասարակություն
15:02, 11 ноябрь 2022
Նոյեմբերի 4-ին «Հրապարակը» հոդված էր հրապարակել Դուբայում գործարար Սամվել Ալեքսանյանի տղայի հարսանիքի մասին և պնդել, թե դրան մասնակցել է Մարիամ Փաշինյանը՝ վարչապետի դուստրը, անգամ  «լավ պարել, ուրախացել է»։ 

Լուրը քոչարյանասերժական ընդդիմությանը ծառայող մյուս ԶԼՄ-ների ու աջակիցների համար ատելություն տարածելու ու վարչապետի ընտանիքին հոշոտելու առիթ դարձավ, անգամ համեմատություն արվեց սեպտեմբերի 13-ի զոհերի ու անհետ կորածների ընտանիքների իրավիճակի հետ և այլն։ 

Եվ ահա այսօր «Հրապարակը» ստիպված հերքել է շռնդալից սուտը, քանի որ այն իրականության հետ աղերս չունի։ 

«Մի քանի օր առաջ լուր էինք հրապարակել, որ Դուբայում մեծ շուքով նշել են Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գոռի հարսանիքը։ Հարսանիքը նախատեսված էր դեռ սեպտեմբերին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր, հետո օլիգարխի ընտանիքը որոշել էր հայի չար աչքից հեռու կազմակերպել, և հյուրերով-բանով մեկնել են Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։ Մեզ պատմել էին, որ Ալեքսանյանի որդու հարսանիքին Նիկոլ Փաշինյանի ընտանիքից ևս անդամներ են եղել։ Մասնավորապես, հյուրերի մեջ նկատել են Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամին, ով, ականատեսների պատմելով, լավ պարել, ուրախացել է։ 

Հրապարակումից օրեր անց՝ երեկ, նամակ ենք ստացել Մարիամ Փաշինյանից, որով նա հերքում է Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքին իր մասնակցությունը և գրում է, որ դա չի համապատասխանում իրականությանը, ուստի խնդրում է հերքել։  

Բնականաբար՝ մեր լրագրողը չի մասնակցել այդ հարսանիքին, և մեր աչքով չենք տեսել հյուրերին, այդ թվում՝ Մարիամ Փաշինյանին։ Եվ եթե այդ մասին տեղեկատվություն փոխանցած աղբյուրը ստել է ու մեզ ապակողմնորոշել է, մենք համապատասխան հետևություններ կանենք՝ առաջիկայում այդ աղբյուրի հետ շփումների առումով։ Միևնույն ժամանակ՝ չենք բացառում, որ մեզ միտումնավոր են ապակողմնորոշել, ուստի ցավում ենք կատարվածի համար»,- գրել է «Հրապարակը»։

Հետաքրքիր է, մյուս ԶԼՄ-ները բարոյականություն կունենա՞ն հերքելու «Հրապարակի» ստի վրա հիմնված իրենց վերլուծությունները, թե՞ ոչ։