Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախից Հայաստան տեղափոխված պացիենտը կենթարկվի սրտի բաց վիրահատության

Արցախից Հայաստան տեղափոխված պացիենտը կենթարկվի սրտի բաց վիրահատության
Հասարակություն
19:02, 19 декабрь 2022
Արցախից Հայաստան տեղափոխված  պացիենտին՝ 62 ամյա տղամարդուն, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել են կորոնարոգրաֆիա, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդին պետք է ուղարկել Երևան՝ սրտի բաց վիրահատական միջամտություն իրականացնելու համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում բուժառուի մասին մանրամասներ հայտնեց Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը՝ ընդգծելով, որ Նորք Մարաշ հիվանդանոցի հետ արդեն բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել:

«Սակայն, երբ  ճանապարհը փակվեց,  բուժառուին նշանակվեց դեղորայքային բուժում տան պայմաններում, որտեղ նա սպասում էր ճանապարհների բացվելուն:  Բայց նա երկար նման վիճակում չէր կարող սպասել: Կարմիր խաչից եղավ որևէ պացիենտի Երևան տեղափոխելու առաջարկ, և որոշվեց հենց  սրտային պաթոլոգիայով այդ պացիենտին տեղափոխել »,- ասաց  Մհեր Մուսայելյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին հիվանդանոցում ունեն ստացիոնար բուժում ստացող 92 պացիենտ, որոնցից 11-ը վերակենդանացման բաժանմունքում են:

«Եթե պացիենտները վերակենդանացման բաժանմունքում են  գտնվում, չի նշանակում,  որ նրանք Երևան տեղափոխվելու կարիք ունեն: Մեր կենտրոնը նորմալ աշխատել է ու շարունակում է աշխատել: Մինչև այս իրավիճակն էլ մենք շատ քիչ պացիենտների ենք ուղարկել Երևան: Ուղարկում էինք միայն նրանց, որոնց չէինք կարող մեզ մոտ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, ինչպես այսօրվա հիվանդին, քանի որ մենք չունենք կենտրոն, որտեղ սրտի  բաց եղանակով վիրահատություն են իրականացնում: Նման վիրահատություն իրականացնում են միայն Երևանում»,- ասաց նա:

Մուսաելյանի խոսքով՝ մյուս բոլոր ծանր հիվանդներին իրենք  կարողանում են սպասարկել, քանի որ  վերակենդանացման բաժանմունքը հագեցած է բոլոր  անհրաժեշտ պարագաներով:

Նա ընդգծեց, որ, բարեբախտաբար, այս պահին դեռևս դեղորայքի պակաս չունեն, որովհետև անցել են ավելի խնայողաբար ռեժիմով աշխատանքի: «Այս պահին դեռևս իրավիճակին տիրապետում ենք, իսկ երկար շարունակվելու դեպքում, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն»,- մանրամասնեց նա: