Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Տեարնընդառաջը

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Տեարնընդառաջը
Հասարակություն
11:20, 13 февраль 2023
Այսօր Տեարնընդառաջ է (Տրնդեզ), որը Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

Տեարնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվում է Սուրբ  պատարագ: Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Ըստ ժողովրդական ավանդության՝ Տեարնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեարնընդառաջի տոնական կերակրատեսակները՝ փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում՝ երեկոյան խնջույքի համար:

Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը, ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տեարնընդառաջի տոնը:

Ըստ եկեղեցական ավանդության՝ երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից՝ տեսնելու՝ ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել: Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար:

Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեարնընդառաջի խարույկը՝ որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Այդ օրը սովորաբար եկեղեցիների բակում մեծ խարույկ են վառում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ

Տեարնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: