Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առողջապահության պարտադիր ապահովագրության փաթեթում կներառվեն սրտի բաց վիրահատությունները, քաղցկեղի բուժումը. փաթեթի համար քաղաքացին ամսական կվճարի սահմանված գումար. նախարար

Կառավարությունը հաստատել է առողջության պարտադիր ապահովագրության հայեցակարգը։ Առողջության պարտադիր ապահովագրության փաթեթի արժեքը բոլորի համար նույնական է լինելու, իսկ պետության կողմից սուբսիդավորման չափերը տարբեր կլինեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ պետական պատվերից օգտվող անձինք՝ շահառուները, օրինակ՝ սոցիալապես անապահով այն ընտանիքները, որոնք «Փարոսի» 28 բալից ավելի չունեն, հաշմանդամները, երեխաները արդեն իսկ 2024թ.-ից պետության կողմից կապահովագրվեն։ 2024թ.-ից սկսած նաև կգործի կամավոր հիմունքներով ապահովագրման համակարգը. «Այն քաղաքացին, որը կուզի կամավոր միանալ այս համակարգին, ամսական վճարումների միջոցով կարող է ներգրավվել, և պետությունն էլ կսկսի միջին աշխատավարձից ցածր եկամուտ ունեցողների համար սուբսիդավորման համակարգ ներդնել»։ 

Նախարարը տեղեկացրեց, որ թոշակառուները պետության կողմից կապահովագրվեն 2025թ.-ից, իսկ 2027թ.-ից առողջության պարտադիր ապահովագրության համակարգը կգործի բոլորի համար։ Ապահովագրության փաթեթը ներառելու է տարեկան պարտադիր հետազոտությունները, բուժումները, վիրահատությունները: «Դրանք սրտանոթային հիվանդություններն են, քաղցկեղը՝ նորագոյացություններն են, դիաբետը և այլն։ Դեղորայքը ևս ընդգրկվելու է փաթեթի մեջ՝ և քիմիաթերապևտիկ դեղերը, և խրոնիկ հիվանդների դեղերը, որը ևս ֆինանսապես ծանր է մեր քաղաքացիների համար»,- հավելեց Անահիտ Ավանեսյանը։

Կան բուժական որոշակի միջամտություններ, որոնք ներառված չեն փաթեթում, օրինակ՝ վերականգնողական որոշակի ծառայությունները, իմունոթերապիան, կրծքագեղձի պլաստիկ վիրահատությունը, սակայն սրտի թանկարժեք վիրահատությունը ներառված է փաթեթում:

«Օրինակ՝ այս պահին մեզ շատ են դիմում սրտի բաց վիրահատության խնդրանքով, որը բավական թանկարժեք միջամտություն է՝ 2-3 մլն դրամ արժողությամբ։ Այս թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու փաթեթի շրջանակում»,- նշեց առողջապահության նախարարը։ 

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այսօր քաղաքացին առողջապահական հետազոտությունների ու մեկ ոչ թանկարժեք վիրահատության համար վճարում է կրկնակի, քան իր մեկ տարվա ապահովագրավճարն է լինելու։ 

Ապահովագրության փաթեթի համար քաղաքացին ամսական կվճարի կառավարության կողմից սահմանված գումարը, որը կախված չի լինի նրա եկամուտից, սակայն միջին աշխատավարձից ցածր եկամուտ ունենալու դեպքում քաղաքացին կօգտվի պետության կողմից սուբսիդավորման համակարգից, ուսանողները ևս կօգտվեն սուբսիդավորման համակարգից։ Առողջապահության ապահովագրավճարի չափն ու պետության կողմից սուբսիդավորման չափերը կհրապարակվեն տարեվերջին։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ եթե հրատապ բժշկական միջամտության կարիք չկա, քաղաքացին նախ պետք է դիմի պոլիկլինիկա՝ իր ընտանեկան բժշկին, և միայն համապատասխան ցուցումով կարող է գնալ հիվանդանոց՝ առողջապահության պարտադիր ապահովագրությունից օգտվելու համար։ 

Առողջապահության նախարարը ընդգծեց նաև, որ պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների հասանելիությունը բարձրացնելու են։

Այս տարի 5 պոլիկլինիկաների վերանորոգում և վերազինում են նախատեսել, ինչպես նաև 20 գյուղական ամբուլատորիաների արդիականացում ու վերակառուցում։ Անահիտ Ավանեսյանը նշեց՝ 2 տարվա ընթացքում կունենան թե մարզային, թե քաղաքային ամբողջությամբ արդիականացված հիվանդանոցային օղակ։

Խստացվելու է բժշկական ծառայությունների լիցենզավորումը, բժիշկների մասնագիտական կարողությունների պահանջները ևս կխստացվեն։ 

Այն բժշկական կենտրոնների հետ, որոնք ունեն համապատասխան չափանիշներ՝ ապահովելու պացիենտների որակյալ սպասարկումը, նախարարությունը կկնքի ապահովագրության փաթեթի սպասարկման պայմանագրեր։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում