Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպե՞ս են քաղաքացիները բնակեցրել ՊՆ նախկին շենքը, ո՞վ է վերջիններիս թույլ տվել այնտեղ շինարարություն անել․ ոստիկանությունը ներխուժումը վերացնելու գործողություն է իրականացրել

Ինչպե՞ս են քաղաքացիները բնակեցրել ՊՆ նախկին շենքը, ո՞վ է վերջիններիս թույլ տվել այնտեղ շինարարություն անել․ ոստիկանությունը ներխուժումը վերացնելու գործողություն է իրականացրել
Հասարակություն
18:38, 16 февраль 2023
Այսօր առավոտից ՀՀ ոստիկանությունը սկսել էր պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակվողների վտարման գործողություն։ Դեռևս նախորդ տարվա մայիսից շենքը կառավարության որոշմամբ հանվել էր ՊՆ հաշվեկշռից և տրամադրվել Պետեկամուտների կոմիտեին։ ՊԵԿ-ին հանձնարարվել էր նաև կատարել գույքի տեխնիկական վիճակի հետազննություն։ Կառավարության որոշմամբ տարածքում պետք է շինաշխատանքներ կատարվեն։ «Սույն որոշման առաջին կետում նշված գույքի վրա նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, բայց ոչ ուշ, քան 2027 թվականի մայիսի 1-ը, ապահովել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը»,- ասված է Կառավարության համապատասխան որոշման մեջ։ 

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը, իրենք ՊԵԿ-ից դեռ նախորդ տարվա օգոստոսին են գրություն ստացել, որ իրենց բալանսում գտնվող շենքում կան ապօրինի ներխուժած անձինք, և ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է շենքում ապրողներին՝ ազատել ապօրինաբար զբաղեցված տարածքը։ «Մենք ներխուժումն ենք վերացրել, մարդիկ զգուշացված են եղել։ Դեռևս օգոստոս ամսին մարդկանց ժամկետ է տրվել տարածքը լքելու համար, հետո հունվարին է ժամկետ տրվել։ Փետրվարի 12-ին լրացել է ժամկետը։ Մինչ այդ էլ բազմիցս զգուշացվել է, որ իրենք տվյալ տարածքում ապօրինի են գտնվում։ Այդ մասին զգուշացվել է թե՛ ՊԵԿ-ի կողմից, թե՛ մեր»,- ասաց Գևորգ Ազիզյանը։

ՊՆ նախկին շենքում բնակվողները այսօր լրագրողներին ասացին, որ իրենց այդ շենքում թույլ է տվել ապրել Լեռնիկ Տեր-Պետոյանը։

Բնակիչները նշում էին, որ շենքում շինարարություն են արել, պատուհաններ տեղադրել, գումար ծախսել։ «Ինքը ասեց՝ եկեք սարքեք, մնացեք։ Ասեց՝ թույլտվություն կտանք», -  ասաց բնակիչներից մեկը։ Հարցին, թե ո՞վ  է ասել, արդյոք ունեցե՞լ է լիազորություն նման բան ասելու, բնակիչներից պատասխանեցին. «Լիազոր մարդ է, այո՛, էս իր սեփականությունն է, պետությանը չէ»։ Մյուս բնակիչներն էլ պնդում էին՝ Լեռնիկ Տեր-Պետոյանը սովորական մարդ է, իրենց թույլ է տվել ապրել այդտեղ: «Ինքն է հսկել այս տարածքը, ինքն է տեր կանգնել, պահել, որ գողություն չլինի»,- ասացին բնակիչները։   

Թե ո՞վ է Լեռնիկ-Տեր-Պետոյանը, ի՞նչ իրավունքով կամ ինչի՞ դիմաց և ի՞նչ խոստումներով  է մարդկանց թույլ տվել ապօրինի կերպով զավթել պետությանը պատկանող շինությունը, շինարարություն անել և ապրել՝ անհայտ է։ 

Ոստիկանությունը նշում է, որ իրենք ընդամենը ներխուժումը վերացնող գործողություն են իրականացրել։  Պաշտպանության նախարարությունից էլ ասացին՝ շենքը փոխանցվել է ՊԵԿ-ին, և իրենք այլևս որևէ կապ չունեն դրա հետ։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ հայտարարություն էր տարածել, որ քննարկվում է իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության ապահովման նպատակով։ 
Նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր քաղաքացիների դեպքերը պետք է առանձին քննարկվեն, կարիքի գնահատում արվի, որի հետևանքով նոր միայն չափորոշիչները կսահմանվեն, որոնց համապատասխանելու դեպքում քաղաքացիները կստանան աջակցություն։ Զառա Մանուչարյանը նշեց նաև, որ քաղաքացիների կողմից համագործակցություն, որպես այդպիսին, չկա՝ չնայած իրենց աշխատակիցները տեղում աշխատել են քաղաքացիների հետ վերջիններիս տարբերակներ առաջարկելու ուղղությամբ։

Դատախազությունից փորձեցինք տեղեկանալ՝ արդյոք ապօրինի ներխուժման կամ պետությանը պատկանող սեփականությունը տնօրինելու թույլտվություն տալու դեպքերով քրեական վարույթ նախապատրաստվու՞մ է, թե՞ ոչ։ Գերատեսչությունից խնդրեցին հարցումն ուղարկել գրավոր։

Վովա Հակոբյան