Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երբ լրատվամիջոցը գրում է՝ անձը գրանցվել է որպես ֆուտբոլիստ, որպեսզի չծառայի, նշանակում է կամ սպորտից է հեռու, կամ բանակի կառուցվածքը չգիտի»

«Երբ լրատվամիջոցը գրում է՝ անձը գրանցվել է որպես ֆուտբոլիստ, որպեսզի չծառայի, նշանակում է կամ սպորտից է հեռու, կամ բանակի կառուցվածքը չգիտի»
Հասարակություն / Սպորտ
20:02, 09 март 2023
«Ժողովուրդ» օրաթերթը «Փոխնախարարի որդին բանակում չծառայելու համար ֆուտբոլիստ է գրանցվել» վերնագրով նյութ է հրապարակել, որում պնդումներ են արվում, թե ՀՖՖ-ն ԲԿՄԱ-ն «վերածել է բանակից փախչողների ակումբի»։ Լրատվականը հղում է արել Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հայտարարությանը և եզրակացություն արել, որ ՀՖՖ նախագահը և նրա տեղակալը՝  Արմեն Նիկողոսյանը, ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի որդուն՝ Տիգրան Սարգսյանին, «ֆուտբոլիստ են գրանցել»՝ զինծառայությունից ազատելու համար։

Civic.am-ը հրապարակման հետ կապված մեկնաբանություն խնդրեց ԲԿՄԱ-ի տնօրեն Գագիկ Աղբալյանից, որը մեզ հետ զրույցում մեկնաբանելով լուրը, ասաց. «Ճիշտն ասած, ես «Ժողովուրդ» օրաթերթ շատ վաղուց չեմ կարդում, առավել ևս չեմ կարդում, երբ ինձ վերաբերող տեղեկությունը հարյուր տոկոսանոց սուտ է: Oրինակ, իբր, ես բանակում չեմ ծառայել և ԲԿՄԱ-ի տնօրենն եմ, սակայն ես բանակում ծառայել եմ և ծառայել եմ գերազանց»։ 

Բուն հրապարակման մասին Աղբալյանը նշեց. «Երբ լրատվամիջոցը գրում է՝ անձը գրանցվել է որպես ֆուտբոլիստ, որպեսզի չծառայի` նշանակում է նա կամ սպորտից է հեռու, կամ բանակի կառուցվածքը չգիտի»։
 
Ապա խոսելով Տիգրան Սարգսյանի մասին՝ ասաց. «Տիգրան Սարգսյանը բացառիկ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, շատ խելացի, մեծ ինտելեկտով և աշխատասեր։ Անհնար է ֆուտբոլիստի որակներ չունեցողին գրանցել որպես ֆուտբոլիստ, ինչ է թե չծառայի։ Տիգրանը վաղուց է ֆուտբոլ խաղում։ Տիգրանը «Փյունիկ» ակումբի սան է, այնուհետև տեղափոխվել է «Նոա» ակումբ։ Եվ ծառայության տարիքում ԲԿՄԱ 2 է տեղափոխվել։ Տիգրանը հանդիսանում է նաև հավաքականի ֆուտբոլիստ։ Նա ֆուտբոլիստ է, որը նույնիսկ անհատական մարզումների միջոցով է իր ֆիզիկական վիճակը բարելավել։ Ավելին ասեմ՝ Տիգրան Սարգսյանը ԲԿՄԱ 2-ում երկրորդ ավագն է, մենք ունեցել ենք խաղեր, որտեղ Տիգրանը ավագի թևկապով է մտել։ Տիգրանը նախորդ պաշտոնական խաղին՝ «Միկա» ակումբի հետ խաղում, ամբողջ խաղն է խաղացել և գոլային երկու փոխանցում արել»։ ԲԿՄԱ-ի տնօրենը նաև հավելեց, որ Տիգրանը իր թիմում և մարզիչների համար մեծ տեղ ունի և անընդհատ մասնագիտական աճ է գրանցում։ 

Խոսելով «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածի մասին՝  նկատեց․ «Երբ իրենք հրապարակում են անում և նույնիսկ չեն ճշտում մարդուց, թե ինչքանով է իրենց ստացած տեղեկությունը հավաստի և հրապարակման ենթակա, ապա այդքանից հետո ինձ հետաքրքիր էլ չէ տվյալ լրատվամիջոցի գործունեությունը։ Եթե մարդը ֆուտբոլիստ չէ, ինչպե՞ս կարող են գրանցել որպես ֆուտբոլիստ, սա աբսուրդ է»։
 
Հավելենք, որ հրապարակման հետ կապված civic.am-ը հարցում է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և պատասխանի դեպքում կհրապարակենք։