Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրման պատճառով չեղարկվել է 28 բուժառուների տեղափոխումը Արցախից Հայաստան

Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրման պատճառով չեղարկվել է 28 բուժառուների տեղափոխումը Արցախից Հայաստան
Հասարակություն
21:08, 25 апрель 2023
Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումն Արցախից Հայաստանի մասնագիտացված բուժհաստատություններ․ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, և այս ընթացքում ընդհանուր առմամբ 337 բուժառու է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:

Չկայացած ուղերթում է նաև հղիության վերջին փուլում գտնվող ապագա մայրիկ, ում սպասվող փոքրիկին ծննդալուծումից անմիջապես հետո անհապաղ սրտաբանական վիրահատական միջամտություն է սպասվում, որը անհնար է անցկացնել Արցախում: Չեղարկված տեղափոխման մեկ այլ դեպք առնչվում է 9 տարեկան սուր լեյկոզով փոքրիկ արցախցու:

Առողջապահության նախարարությունը շարունակում է պաշտոնական հաղորդակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ օր առաջ կազմակերպելու ուղեգրված բուժառուների տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: