Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2017-2022 թթ․ մենք 71 մլրդ դրամի հատուցումներ ենք տրամադրել 5090 դեպքերով․ ԶԱՀ գործադիր տնօրեն Կարինե Սարգսյան

2017թ.-ից 2022 թվականներին մենք հատուցումներ ենք տրամադրել 5090 դեպքերով, այսինքն՝ զոհված, անհայտ բացակայող և առաջին, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող մեր շահառուներին։ Այս մասին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց  Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը։

«Կոնկրետ 2022 թվականին մենք ունեցել ենք 411 դեպք և այդ դեպքերից 235-ը՝ չորրորդ եռամսյակում, այն ընդգրկում է նաև սեպտեմբերյան էսկալացիայից ստացված դեպքերը։ Մենք 2022 թվականին տրամադրել ենք 16.8 միլիարդ դրամի հատուցում, որից 5.7 միլիարդը տրամադրվել է չորրորդ եռամսյակում, և ընդհանուր 71 միլիարդի հատուցումներ ենք տրամադրել 2017-ից 2022 թվականների ընթացքում»,- ասաց նա։
Կարինե Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Արցախի հիմնադրամի հարկատուներին, որոնք, նրա խոսքով՝ անխոնջ, առանց բողոքելու իրենց ներդրումն են կատարում ֆոնդի կայացման գործում։

«Սա հակիրճ պատկերն է՝ 5090 շահառու 2017-ից 2022 թվականներին և 411 դեպքով՝ 2022 թվականին, դրանցից զոհվածները 2018-ն են, անհայտ բացակայողները՝ 13-ը, առաջին կարգի հաշմանդամները՝ 2, 2-րդ կարգի՝ 2 շահառու։ Եթե մենք նայում ենք ֆինանսական պատկերին՝ մեր ֆինանսական հոսքերը ընդհանրապես աճել են 15%-ով։ Հիմնական աճը գրանցվել է պարտադիր վճարներից՝ 21%-ով, և մեր ակտիվների կառավարումից։ Մեր ծախսերը 2022 թվականին կրճատվել են 62%-ով»,- հավելեց նա։  

Գեղամ Ադյան