Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհետ կորած 803 զինծառայողի ընտանիքներին հիմնադրամը ամսական 300 հազարական դրամ է տրամադրում․ Վարուժան Ավետիքյան

Անհետ կորած 803 զինծառայողի ընտանիքներին հիմնադրամը ամսական 300 հազարական դրամ է տրամադրում․ Վարուժան Ավետիքյան
Հասարակություն
13:37, 23 февраль 2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն այսօր ներկայացրեց հիմնադրամի կատարած աշխատանքը։ Ավետիքյանը նախ ներկայացրեց հիմնադրամի 3 հիմնական ծրագրերը, որոնք իրականցվում են ներկայումս։

1-ինը հիմնական ծրագիրն է, որը միշտ իրականացվել է․ այն է՝ հատուցումներ տրամադրել միանվագ և երկարաժամկետ զոհված, 1ին կամ 2րդ կարգի հաշմանդամություն ստացած և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։ 

Վերջին պատերազմի արդյունքում, սակայն, ի հայտ եկան ևս 2 նոր ծրագրեր, որոնք կոչվում են «Կամուրջ» ծրագրեր։ Դրանցից մեկը ուղղված է ծանր վիրավորում ստացած զինծառայողներին։

Հաշվի առնելով, որ ծանր վիրավորում ստացած զինծառայողներին որոշ ժամանակ անց են միայն զին․ հաշմանդամություն և կարգ տրամադրում, քանզի մինչև նման կարգ ստանալը, նրանք պետք է ապաքինվեն և անցնեն փորձաքննություն, այդտեղ որոշակի ժամանակահատված կա, որ նրանք հնարավոր է մնան առանց ֆինանսական միջոցների։ Ավետիքյանի խոսքով՝ «Կամուրջ»  ծրագրի այս կետը ուղղված է այդ մարդկանց և իրականացվում է կառավարության հետ միասին։

2-րդ «Կամուրջ» ծրագիրը ուղղված է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։ 

Ավետիքյանը բացատրեց՝ քանի որ «անհայտ կորածը» իրավական կարգավիճակ է և միայն ու միայն դատարանը կարող է նման կարգավիճակ շնորհել, սա ենթադրում է որոշակի ժամանակահատված, որը կարող է ձգվել մի քանի  ամիս։ Այսպիսով՝ այդ ընթացքի համար հիմնադրամը, կառավարության հետ միասին, իրականցնում է այս ծրագիրը՝ 6 ամսով, ինչպես ծանր վիրավորում ստացած զինծառայողների դեպքում է։

«Ասեմ, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում այս ընտանիքները հնարավորություն ունեն դիմել դատարան փետրվարի 10-ից հետո և հայցել դատարանից, որ այն իրենց զինծառայողներին այդ կարգավիճակը տա»,- նշեց նա։

Այսպիսով՝ հիմնադրամը իրականացնում է 3 հիմնական ծրագիր։ Ավետիքյանը արդեն իսկ կատարված աշխատանքը ներկայացրեց թվերով։
Հիմնադրամը ստեղծման օրվանից մինչ օրս սպասարկում է 1528 ընտանիքների, որոնցից 1111-ը սպասարկվել է վերջին Արցախյան պատերազմից հետո և նրանց հատուցումները կազմել են շուրջ 12 միլիարդ դրամ։

Ավետիքյանը նշեց, որ 1528 ընտանիքների հատուցումները կատարվել են 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Ինչպես նաև, 2008ից 2016 թվականները ներառյալ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողները համաֆինանսավորվում են՝ պետական բյուջեյի հետ մեկ տեղ։ 

Ընդհանուր կատարվել են շուրջ 14 միլիարդ դրամի ֆինանսական հատուցումներ, որոնք եղել են ինչպես միանվագ՝ 5 կամ 10 միլիոն դրամից չափով, այնպես էլ՝ ամսական 100․000-ից 300․000 դրամի սահմաններում։ 

Ավետիքյանը նշեց, քանի որ հիմնադրամը 20 տարվա պարտավորություն է ստանձնում, հատուցումները կատարվում են ամեն ամիս, և այս թվերը անընդհատ աճելու են։

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ուղղված «Կամուրջ»  ֆինանսավորման ծրագրի շրջանակում հատուցումներ են կատարվում 803 ընտանիքի՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 300․000 դրամ․ - «Երբ արդեն զինծառայողը անհայտ կորած կճանաչվի՝ դատարանի որոշմամբ, և ընտանիքը կգա մեզնից հիմնական ծրագրով հատուցում ստանալու, մենք փաստացի կհաշվարկենք, թե որքան գումար ենք վճարել տվյալ զինծառայողի շահառուներին, փաստացի վճարվածը կնվազեցնենք՝ միանվագ 10 միլիոն դրամից, և տարբերությունը կփոխանցենք նրանց»։

Ծանր վիրավորում ստացած զինծառայողների թիվը 55 է, որոնց 17 միլիոն դրամի չափով հատուցում է տրամադրվում՝ հիմնադրամի կողմից, յուրաքանչյուր ամիս 300․000 դրամի չափով։

Ստեղծման օրվանից հիմնադրամը ընդհանուր ստացել է 32 միլիարդ դրամ պարտադիր վճարների կամ դրոշմանիշային վճարների գծով գումարներ և շուրջ 9 միլիարդ դրամի նվիրաբերություններ՝ աշխարհի ավելի քան 60 երկրներից։ 

Վերջին պատերազմից հետո հիմնադրամը ստացել է շուրջ 7 ու կես միլիարդ կամ մի փոքր ավելի նվիրաբերություն, կրկին՝ թե՛ Հայաստանից, թե՛ աշխարհի տարբեր երկրներից։

Այս ողջ ընթացքում ստացված նվիրաբերությունների 80 տոկոսը, Ավետիքյանի փոխանցմամբ, հիմնադրամը ստացել է վերջին պատերազմից հետո։ 

Սյուզի Սիրականյան