Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման անդամներն անժամկետ ակցիա են սկսել Ստեփանակերտից դեպի Շուշի ճանապարհի սկզբնամասում․ «Արցախպրես»

«Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման անդամներն անժամկետ ակցիա են սկսել Ստեփանակերտից դեպի Շուշի ճանապարհի սկզբնամասում․ «Արցախպրես»
Հասարակություն
12:15, 03 май 2023
«Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամներն այսօր՝ մայիսի 2-ից, Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի սկզբնամասում խաղաղ ակցիա են սկսել՝ Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու և Լաչինի միջանցքից ադրբեջանական անցակետի անհապաղ հեռացման պահանջով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը տեղեկացրել է, որ ստորագրահավաքին զուգահեռ՝ նաև խաղաղ ակցիա են սկսել Ստեփանակերտից դեպի Շուշի ճանապարհի սկսզբնամասում:

«Կոչ ենք արել մեր բոլոր հայրենակիցներին, քաղաքական և ապաքաղաքական ուժերին, որ միանան մեր ակցիային: Ադրբեջանի կողմից խախտվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը՝ ապրիլի 23-ից սկսած Բերձորի միջանցքում ապօրինի կերպով տեղադրելով է անցագրային կետ, որը մեզ համար սկզբունքային կարմիր գիծ է: Մենք այդ կարմիր գծից հետ չենք կանգնելու, մեր պահանջն այն է, որ այդ անցագրային կետն ապամոնատժվի և հեռացվի: Ճանապարհը պետք է շահագործվի միայն ռուս խաղաղապահների հսկողությամբ՝ այնպես, ինչպես եղել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը: Այսօր բոլորս պետք է գիտակցենք, որ Արցախը վտանգի մեջ է և պարտավոր ենք միտվել մեր հայրենիքի փրկությանը: Բոլոր սթափ քաղաքական, ոչ քաղաքական, գործող, նախկին իշխանություններին հրավիրում ենք միանալ մեզ: Մեր նպատակն է պահել հայրենիքը, որովհետև ոչ մեկ մեր փոխարեն չի անելու: Մեր հույսը միայն մենք ենք»,- ասել է Դ. Բաղրյանը:

Նրա խոսքով՝ ակցիան անժամկետ է, կշարունակվի այնքան, մինչև նպատակին հասնելը: Ակցիայի մասնակից Դավիթ Ղահրամանյանը մեզ հետ զրույցում ասել է, որ բոլորի պարտականությունն է միանալ ակցիային, որի առաջնահերթ նպատակն է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի պահանպման պահանջի կատարմանը:

«Եռակողմ համաձայնագրի ստորագրման հաջորդ օրվանից սկսած, այն խախտվում է: Այսօր, ինչպես ասում են, դանակը հասել է ոսկորին: Մենք պահանջում ենք, որ ճանապարհը բացվի և գործի այնպես, ինչպես եղել է մինչ այդ, որպեսզի մեր կապը Մայր Հայաստանի հետ լինի անխափան, իսկ ճանապարհին լինեն միայն ռուս խաղաղապահները: Արվելու են կոնկրետ գործողություններ, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից»,-նշել է Դ. Ղահրամանյանը: