Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամեն ինչ անելու ենք՝ հաղթանակները հետ բերենք. ԵԿՄ-ն նշում է կազմավորման 30-ամյակը

Մայիսի 8-ը Հայաստանում նշվում է որպես Երկրապահի օր։ Այդ առիթով այսօր Եռաբլուր էին այցելել ԵԿՄ վարչության անդամները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ և բազմաթիվ ազատամարտիկներ։  

Այս տարի Երկրապահ կամավորականների միությունը նշում է իր կազմավորման 30-ամյակը։ Մեզ հետ զրույցում Երկրապահ կամավորականների միության Երևանի խորհրդի նախագահ Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ երկրապահ կամավորականությունն ընդհանրապես իր մեծ, երկար պատմությունն ունի։

Նա նշեց, որ դեռևս 1988 թվականի վերջերից արդեն գործում էին երկրապահ ջոկատներ, բայց սպարապետ Վազգեն Սարգսյանը կարողացավ այդ  առանձին գործող երկրապահ ջոկատները համախմբել։ Եվ 1993 թվականի հուլիսի 23-ին եղավ առաջին երկրապահ համագումարը, ու ստեղծվեց Երկրապահ կամավորականների միությունը։ Դրանից տարիներ անց ԱԺ-ում որոշում կայացվեց, որ մայիսի 8-ը նշվի որպես Երկրապահի տոն։ 

«Դե սիմվոլիկ է, կապված նրա հետ, որ մայիսի 8-ի գիշերն է Շուշիի ազատագրումը սկսվել, և այդ օրվանից հետո մենք ամեն տարի պարտադիր մեծ շուքով նշում ենք մայիսի 8-ը՝ Երկրապահի տոնը։ Քանի որ այս տարի ԵԿՄ-ի 30-ամյակն է, հուլիսի 23-ին մեծ տոնակատարություն է լինելու։ Ինչպես առաջին համագումարն էր Օպերայի դահլիճում, այնպես էլ այս տարի նշելու ենք այնտեղ և համարելու ենք, որ սպարապետը ներկա է այդ համագումարին»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։

 Նշենք, որ այսօր ԵԿՄ վարչության բակում օծվեց ԵԿՄ-ի եկեղեցին։ Ռոմիկ Մխիթարյանը տեղեկացրեց, որ մինչ եկեղեցու օծումը ունեին փոքրիկ գործող մատուռ, բայց Սասուն Միքայելյանը նախաձեռնեց, որպեսզի եկեղեցի ունենան, որտեղ կարողանան  արարողակարգեր կատարել, և այսօր օծվեց ԵԿՄ-ի Սուրբ Ղևոնդ երեց եկեղեցին։

Խոսելով նաև Շուշիի ազատագրման մասին՝ Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ դա անհնարին թվացող բան էր, և իրոք Աստծու օգնությունը և տղերքի խիզախությունն էր, որ կարողացան դա անել։ 

«Եվ աննկարագրելի է հիմա կորցնել Շուշին, այդ մեղքի և պարտքի զգացողությունը... Մենք առաջին հերթին որպես պետություն պետք է լիարժեք կայանանք։ Մենք այդ հնարավորությունն ունենք, այդ պոտենցիալն ունենք, պիտի ունենանք հզոր տնտեսություն, որի հիման վրա ունենանք այն ամուր բանակը, այն նույն ոգով, այն նույն պատրաստակամությամբ, ոնց որ 90-ականների պատերազմին էր։ Ոգին ու պատրաստակամությունը կան, մնում է սպառազինությունը, որը նույնպես արդեն բավականին նորմալ է, բայց դեռ ժամանակ է պետք, մի փոքր ժամանակ, մենք ամեն ինչն էլ վերադարձնելու ենք»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։ 

Ի հավելումն նա ասաց, որ Շուշին կռվով հաստատ չէին կարողանա վերցնել, այստեղ ուրիշ բան էր, հիմա բազմաթիվ դատական պրոցեսներ են գնում՝ հենց կոնկրետ Շուշիի անկման վերաբերյալ, և դա կբացահայտվի։

«Իհարկե, կռվով բացառվում է, որ մեզնից Շուշի վերցնեին։ Կռվով էդ մենակ մեր գժերը կարող էին, ու էլի կռվով մեր գժերը ամեն ինչն էլ հետ են բերելու»,- նշեց Ռոմիկ Մխիթարյանը։ 

Խոսելով նաև 1992 թվականին Շուշիի օպերացիայի մասին՝ Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ այն  ավելի շուտ էր նախատեսված իրականացնել, դա պիտի լիներ մայիսի սկզբին, պարզապես այդ օրերին ձյուն տեղաց, և դրանով պայմանավորված՝ օպերացիան հետաձգվեց։ 

Նշենք, որ Շուշիի ազատագրման օպերացիան անվանում էին նաև «Հարսանիք լեռներում», և դա կապված էր սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ, քանի որ նա խոստացել էր Շուշին ազատագրելուց հետո ամուսնանալ։

«Դրանից հետո Վազգեն Սարգսյանը խոսք էր տվել ամուսնանալ։ Վերջին անգամ 1999 թվականին իր ծննդյան օրը խոստացավ, որ այս տարի անպամյան ամուսնանալու է,  բայց, ցավոք, կորցրինք սպարապետին, բայց դրա հետ մեկտեղ քանի կա երկրապահը, սպարապետը միշտ կա, սպարապետը մեր հավերժ նախագահն է, և մենք սպարապետի անունը բարձր ենք պահում։ Մինչև վերջին շունչներս էլ ամեն ինչ անելու ենք, որ սպարապետի նույն հաղթանակները հետ բերենք, դա միանշանակ տենց է լինելու»,- եզրափակեց Ռոմիկ Մխիթարյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան