Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին ԿԳՄՍ-ն առաջարկում է ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին ԿԳՄՍ-ն առաջարկում է ազատել պարտադիր զինվորական ծառայությունից
Հասարակություն
10:52, 29 июнь 2023
ՀՀ ԿԳՄՍ-ն առաջարկում է  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ՀՀ  ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն,  օլիմպիական խաղերի  կրկնակի արծաթե մեդալակիր և 2023 թվականի Երևանում անցկացված ծանրամարտի  Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին։  Մարզիկի վերաբերյալ համապատասխան նախագծի մասին Civic.am-ը տեղեկացավ Կառավարության այսօրվա նիստի օրակարգից։ Մարտիրոսյանին  Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 22-ի № 1094-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2023 թվականի ամառային զորակոչը։ 

«Սիմոն Գևորգի Մարտիրոսյանը  նախապատրաստվում է մասնակցելու 2023 թվականի աշխարհի առաջնությանը և 2024 թվականի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին և ամառային օլիմպիական  խաղերին: Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի և 3-րդ կետի»,- նշված է նախագծին կից հիմնավորման մեջ։   

Սիմոն Մարտիրոսյանը հաշվառված է Էջմածնի  զինկոմիսարիատում: