Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջափակման ընթացքում ԼՂ տնտեսությանը հասցվել է շուրջ 416 մլն ԱՄՆ դոլարի վնաս, 11.000 մարդ դարձել է գործազուրկ

Շրջափակման ընթացքում ԼՂ տնտեսությանը հասցվել է շուրջ 416 մլն ԱՄՆ դոլարի վնաս, 11.000 մարդ դարձել է գործազուրկ
Հասարակություն
20:20, 19 июль 2023
Շրջափակման ընթացքում ԼՂ-ում 860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Այս մասին հայտնում են տեղեկատվական շտաբից:

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11.000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։

Դադարել են 32.6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3.717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում ԼՂ տնտեսությանը հասցվել է շուրջ 416 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 46 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: