Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները 10 օր ժամանակ ունեն գրանցման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու համար. Ժամանակացույց

Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները 10 օր ժամանակ ունեն գրանցման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու համար. Ժամանակացույց
Հասարակություն
10:36, 31 июль 2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու  ընտրությունների հիմնական միջոցառումների  ժամանակացույցը։ Civic.am-ը ԿԸՀ կայքից տեղեկացավ, որ մասնավորապես նախընտրական քարոզչությունը սկսվելու է օգոստոսի 23-ից  և տևելու է մինչև սեպտեմբերի  15-ը, ժամը 24։00-ն։

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը։ Կուսակցսությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը տեղի է ունենալու օգոստոսի 13-ից օգոստոսի 18-ը։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուները, ինչպես նաև կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներում ընդգրկված կուսակցություններն  իրենց  գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացնելու մինչև օգոստոսի 23-ը։

Նշենք, որ այս պահի դրությամբ ավագանու ընտրություններին մասնակցելու իրենց որոշման մասին հայտարարել են  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է), «Հանրապետություն» կուսակցությունը (նախընտրական ցուցակը կգլխավորի ՀՀ արդարադատության նախկին նախարար «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը), «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը»՝ ՍԴՀԿ-ի հետ դաշինքով (քաղաքապետի թեկնածուն է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը), գործարար Ռուբեն Վարդանյանի հովանավորյալ կուսակցության համբավ ունեցող «Ապրելու երկիր»-ը (քաղաքապետի թեկնածուն աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանն է), Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը (նախընտրական ցուցակը կգլխավորի իրավապահ համակարգում երկար տարիներ աշխատած Նելլի Հարությունյանը)։

Հավելենք, որ Արթուր Վանեցյանի «Հայրենիք»-ը նույնպես հայտնել է ՏԻՄ ընտրություններին մասնակցության մտադրության մասին։  Ընդդիմադիր այլ կուսակցություններ դեռևս հստակ չեն հայտնել մասնակցել-չմասնակցելու  իրենց դիրքորոշման մասին։ Չի բացառվում, որ մի շարք այլ քաղաքական ուժեր ընտրական պրոցեսին որոշեն մասնակցել դաշինքներ կազմելով, քանի որ միայնակ  մասնակցելու դեպքում մեծ հավանականությամբ անցողիկ շեմը չեն հաղթահարի։ 

2018-ի ընտրություններին, հիշեցնենք,  մասնակցում էր 12 քաղաքական ուժ, որից 4-ը՝ դաշինքի ձևաչափով։ Երևանի ավագանին ձևավորեցին «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Լույս» դաշինքը։
 
Հ. Մ.