Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է Անի համայնքում անցկացվելիք արտահերթ ընտրությունների օրը

Հայտնի է Անի համայնքում անցկացվելիք արտահերթ ընտրությունների օրը
Հայաստան
21:57, 16 декабрь 2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 16-ի նիստում նշանակեց Շիրակի մարզի Անի համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների անցկացման օրը. այն կկայանա 2023 թվականի մարտի 26-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցը զեկուցող ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանն իր խոսքում դիմելով Անի համայնքի ընտրողներին, ասաց, որ ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում՝ բոլորի համար տեսանելի վայրում, ինչպես նաև ոստիկանության պաշտոնական կայքում, հասանելի կլինեն 2023 փետրվարի 14-ից։

Ուստի, յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2023 թվականի մարտի 12-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք: Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել 2023 թվականի փետրվարի 9-ից մինչև փետրվարի 19-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է 2023 թվականի փետրվարի 19-24-ը: 2023 թվականի մարտի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: